Կենսաթոշակների բարձրացում կլինի նաև այս տարվա հուլիսի 1-ից. Փաշինյան

Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարևոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման և 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաև աճեց նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից:

Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, և դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»,- ասել է Փաշինյանը: