«Արցախի նախագահի նամակը պատասխանն է ռուսական հայտարարությունների, թե՝ մեզ չեն դիմում. հիմա բաց տեքստով դիմել ենք, խնդրեմ». Մեհրաբյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել է ավելի գործուն քայլերի ակնկալիքով։ Նախքան այս, ռուսական կողմից մեկնաբանություններ կային, թե Արցախն ու Հայաստանը իրենց չեն դիմել օգնության համար, այս նամակով փաստացի դիմում են։

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

«Արցախի նախագահի այս նամակն ընդամենը կոչ է՝ կանգնեցնել Թուրքիային»,- ասում է Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հիշեցնելով, որ «մեկ հարյուրամյակից ավելի Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ»:

Արայիկ Հարությունյանը նամակում նշել է, որ Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում ՌԴ-ի և անձամբ Պուտինի դիվանագիտական գործուն ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն:

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»,- նշվում է նամակում։

«Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը, այո՛, դիմել է Վլադիմիր Պուտինին»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը։ Նրա խոսքով՝ սա նաև պատասխանն է այն հայտարարությունների, թե՝ մեզ չեն դիմում։

«Հիմա դիմել է։ Եվ ինչո՞ւ է դիմել, դիմել է ավելի գործուն քայլերի ակնկալիքով՝ նաև նշելով, թե ինչ բարոյական իրավունքով է ինքը դիմում Պուտինին, նշում է, թե հայերն ինչ են արել, ովքեր են եղել։ Այլ ենթատեքստ այստեղ չկա»,- հավելում է Մեհրաբյանը։

Ըստ Մեհրաբյանի՝ այս նամակից չպետք է այլ հետևություններ անել։ Հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ այս նամակը հրապարակվեց այն օրը, երբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում։ «Ամերիկան կապ չունի այս ամենի հետ»,- նշում է քաղաքագետը։

Ըստ Մեհրաբյանի՝ դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կհետևեն այս նամակին։

«Եթե Մոսկվայի և Կարսի պայմանագրերը որոշում էին ոչ միայն այն ժամանակվա Ռուսաստանի և Թուրքիայի սահմանները, այլ նաև այն սահմանները, որտեղ Թուրքիան կարող էր ներկայություն ունենալ, մենք այսօր տեսնում ենք, որ Էրդողանն ասում է՝ մենք այնքան իրավունք ունենք, ինչքան Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանի համար դա ընդունելի է, ես ասելիք չունեմ։ Եվ այս նամակն ընդամենը կոչ է՝ կանգնեցնել Թուրքիային»,- ասում է նա։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս նամակի համատեքստում հայկական կողմերի մոտ աշխարհաքաղաքական դավեր չպետք է փնտրել։

«Հայկական կողմն այսօր, այո՛, լուծում է գոյաբանական խնդիր, ոչ թե աշխարհաքաղաքականություն է խաղում։ Ասում եք՝ չեք դիմել, հիմա բաց տեքստով դիմել ենք, խնդրեմ։

Հիմա գնացեք ու արեք այն, ինչ ձեզնից է կախված։ Մենք ձեզ բացատրում ենք, որ Ադրբեջանը տեռորիզմի որջի է վերածվել, Մերձավոր Արևելքի թափթփուկները եկել ու նստել են այնտեղ, Ալիևը միայն խամաճիկ է, գլուխը Էրդողանն է, դուք ասում եք՝ Ադրբեջանը մեր բարեկամն է»,- հավելում է նա։

Ըստ քաղաքագետի՝ անկախ այս զարգացումներից, մենք հաղթելու ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am