Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվել է սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է։

Բեկրառատ տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19 սաներ:

Սուրբ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց նորընծաներին, այնուհետև անդրադարձավ սրբի վարքին ու քրիստոնեական եկեղեցու նահատակներին՝ ի մասնավորի նշելով. «…Այդ նահատակների շնորհիվ է, որ մենք այսօր կանք իբրև քրիստոնյաներ, մեր Եկեղեցին կա, որովհետև, ինչպես Տերտուղյանոսն էր ասում, Եկեղեցու հիմքը մեր մարտիրոսների արյունն է։

Ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ Արցախի, Հայաստանի սուրբ հողի համար նահատակված հազարավոր մեր որդիներն ու քույրերը, մեր զավակներն ու դուստրերը նահատակվեցին պահպանելու համար հայրենի հողը և հավատքը։ Նշանակում է՝ մենք պարտականություն ունենք իրենց հանդեպ։ Պիտի խոնարհվենք նրանց սուրբ հիշատակի առջև, որ ապրենք մաքուր ու ճշմարիտ կյանքով և հեռու մնանք սատանայական բոլոր խաբեություններից»:

Դիմելով նորաձեռնադրյալ սարկավագներին՝ Վազգեն եպիսկոպոսը հորդորեց. «Այստեղ տեղին է, սիրելի սարկավագնե՛ր, Ավետարանից հիշել մեր Տիրոջ պատգամը, որն ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթեոս 16:24)»։ Ես հավատում եմ, որ դուք լսել եք հենց այս պատգամը, վերցրել եք ձեր խաչը ու եկել եք Քրիստոսի ետևից։ Կամավորության սկզբունքով դուք եք ընտրել այս ծառայությունը։

Ձեր հետագա ամբողջ ծառայության ընթացքում ինքներդ եք կերտելու այդ ճանապարհը խաչի, որով դուք շարժվելու եք: Իսկ այդ ճանապարհը, որով քայլելու եք պիտի լինի աղոթքով, խոնարհումով, ծառայասիրությամբ և նվիրումով:

Դուք պետք է լինեք սիրով լեցուն հանդեպ հավատացյալ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը: Այդ մեծ սերն է, որ ձեր մեջ պիտի հաստատի խաղաղությունը, աստվածային այն ուժն ու զորությունը, որ ողջ ծառայության ընթացքում ձեզ առաջնորդելու է: Եղեք ողորմած, ներողամիտ, եղեք միշտ մարդկանց հասկացող»:

Քարոզի ընթացքում պատարագիչ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց սարկավագների ծնողներին՝ իրենց զավակներին Քրիստոսի եկեղեցուն ընծայաբերելու համար։

Վերջում Սրբազան Հայրն իր շնորհավորանքներն ուղղեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների տեսչությանը և միաբանությանը Սուրբ Ստեփանոսի տոնի և սարկավագական ձեռնադրության առիթով: