Հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային մրցույթ` երիտասարդների համար

Հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային մրցույթ` երիտասարդների համար
Հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային մրցույթ` երիտասարդների համար

ՀՀ գլխավոր դատախազությունը 14-ից մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդներին, այդ թվում՝ առանձին հեղինակներին, ստեղծագործական խմբերին, ուսումնական հաստատություններին սիրով հրավիրում է մասնակցելու «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական նոր մրցույթին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի կայացած նույնանուն միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչը ճանաչվել էր երրորդ մրցանակակիր:  

Մրցույթի շրջանակներում նշված տարիքային և խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ և տեսանյութեր և մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքի կարգավորումներով:

Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ ինչպես վերոնշյալ հղմամբ` «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի կայքում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Մրցույթն ունի միջազգային ընդգրկում, որն անցկացվում է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում: Հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, իսկ որպես համակազմակերպիչներ են հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ինչպես նաև BRICS-ի անդամ հանդիսացող երկրների՝ Հնդկաստանի. Բրազիլիայի, ՉԺՀ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության՝ կոռուպցիայի հակազդման լիազորություններով օժտված կառույցները: Այսինքն մրցույթը նույն կանոններով անցկացվելու է նաև նշված երկրներում:

Մրցույթին ներկայացվող աշխատանքներում՝ պաստառներում և տեսահոլովակներում, պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն հեղինակների պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության շուրջ:

Մրցույթի նպատակն է հատկապես երիտասարության ներգրավմամբ հանրության շրջանում տարածել և ամրապնդել կոռուպցիոն ցանկացած երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում պայքարելու և այդ հարցում միասնականություն հանդես բերելու գաղափարները:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ կիսաեզրափակիչ և եզրափակից, և  անցկացվում է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ»:

Առաջին փուլում ազգային ժյուրին հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույն երեքը, որոնց հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների:

Նման ընթացակարգով իրենց մրցանակակիրներին կընտեն նաև համակազմակերպիչ մյուս երկրների ազգային ժյուրիները: Այնուհետև անվանակարգերում լավագույն երեք  աշխատանքները կներկայացվեն միջազգային ժյուրիին, որը կազմված համակազմակերպիչ երկրների  ներկայացուցիչներից, որն էլ նոյեմբերի 1-ից 15-ին կամփոփի բոլոր երկրներից ներկայացված աշխատանքներից լավագույնների ընտրության վերջնական արդյունքները, և դեկտեմբերին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, Մոսկվայում կանցկացվի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։