«Հայաստան-Թուրքիա բանակցությունների սառեցումը կարող է նշանակել ուղիղ պատերազմ»․ Մուշեղ Խուդավերդյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

– Պարո՛ն Խուդավերդյան, Թուրքիայի ամենատարբեր պաշտոնյաներ հատկապես վերջին շրջանում կոչ են անում Հայաստանին ստորագրել Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը, որը, ըստ նրանց՝ թույլ կտա տարածաշրջանում ապահովել տևական խաղաղություն։ Այս հայտարարություններից հետո որոշ մասնագետներ նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները պետք է սառեցվեն։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նման դիրքորոշումը:

Վերջին պատերազմից հետո բանակցային գործընթացում այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել: Խնդիրը, սակայն, այն է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջն է, իսկ մնացած հարցերը, կարծում եմ, ավելի շատ երկրորդական բնույթի են, այսինքն՝ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկելու մյուս հարցերն այն դեպքում, երբ կլուծվի այս գլխավոր խնդիրը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, դրանք փակ են, ու մենք բավարար տեղեկատվություն չունենք, հետևաբար չենք կարող դրանց ընթացքի վերաբերյալ հստակ մեկնաբանություն տալ, բայց թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը միմիայն կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումից։

Սա եղել է Թուրքիայի հիմնական նախապայմանը, հետևաբար չի կարող Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավել՝ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու։

– Իսկ Հայաստան-Թուրքիա բանակցությունները սառեցնելու մասով ի՞նչ կասեք։

– Բանակցություններն անհնար է սառեցնել, քանի որ կողմերը գտնվում են մի իրավիճակում, երբ բանակցությունների սառեցումը կարող է նշանակել ուղիղ պատերազմ։ Ադրբեջանը նշում է, ինչին լիովին համակարծիք է նաև Թուրքիան, որ բանակցությունների բացակայության պարագայում իրենք ուժով կվերցնեն Ղարաբաղը։

Ադրբեջանին ձեռնտու չեն Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերը, իսկ նրանց այնտեղից հեռացնելու ամենակարճ ճանապարհը այն է, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

– «Զանգեզուրի միջանցքի» մասով ևս թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ։ Բացառո՞ւմ եք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կփորձի բացել այն։

– Եթե հիմնական հարցը չլուծվի, այսինքն՝ Ղարաբաղի հարցում կողմերը ընդհանուր հայտարարի չգան, ոչինչ բացառել հնարավոր չէ։ Ռազմական գործողությունների մասով ոչինչ չպետք է բացառել։

– Պարո՛ն Խուդավերդյան, Թուրքիայի նախագահը չէր բացառել, որ առաջիկայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։

– Նորից եմ ասում, քանի որ բանակցությունները տեղի են ունենում փակ ձևաչափով, հետևաբար չենք կարող ասել՝ ինչ կարելի է սպասել, բայց ցանկացած հանդիպում դրական է։

– Ասում եք, որ ցանկացած հանդիպում դրական է, բայց Թուրքիայի հռետորաբանությունը կարծես չի փոխվում. այդ երկիրը պարբերաբար հայտարարում է Ադրբեջանին աջակցության մասին: Հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող են այդ հանդիպումները դրական արդյունք ունենալ։

– Իսկ ինչո՞ւ պետք է փոխվի Թուրքիայի հռետորաբանությունը, չմոռանանք, որ թուրք-ադրբեջանական կողմն այս պահին հաղթող կողմ է, ու իրենք հանդես են գալիս հաղթողի դիրքերից ու հիմա շարունակում են Հայաստանի առաջ նորանոր պահանջներ դնել: Բայց այդ հանդիպումները, կրկնում եմ՝ չեզոքացնում են պատերազմի ռիսկերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am