Բուդապեշտի մարդասպանը եւ Բաքվի «հերոսը»

Բուդապեշտի մարդասպանը եւ Բաքվի «հերոսը»
Բուդապեշտի մարդասպանը եւ Բաքվի «հերոսը»

Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչման: 

Ադրբեջանական կողմի մեջ արձանագրված վերաբերմունքները, արարքները, ճնշումները, գործարքներն ու ատելության դրսեւորումների գագաթ նվաճած օրինակները պարզ են եւ գուցե նաեւ ակնկալելի Բաքվի իշխանություններից:

Խնդրի դիտարկումը փորձենք հայկական եւ ադրբեջանական դաշտերից տեղափոխել միջազգային հարթություն, նկատելու համար մի քանի կետեր:

Սաֆարովի անասնային հարձակումը գործվել էր ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի դիմաց ՆԱՏՕ-ի  պարզ տրամաբանությամբ հստակ պատասխանատվություն է ստանձնում, որ նման զինվորական պաշտոնատար է ուղարկել միջազգային մակարդակում իրականացվող  վարժողական ծրագրին: Եթե դեռեվս չենք ուզում խոսել սաֆարովների գազանային դրսեւորումների պատճառ հանդիսացած հայատյաց քաղաքականության մասին եւ մի պահ ուզում ենք կենտրոնանալ ադրբեջանցի սպայի հոգեկան անհավասարակշռվածության վրա, նույնիսկ այս դեպքում Բաքվի համապատասխան բաժանմունքները պատասխանատու են դիտվում նման փորձարկումների ինքնատիրապետումից հեռու սպա ուղարկած լինելով: ՆԱՏՕ-ն այս առումով չունեցավ համարժեք արձագանգ:

Հունգարական դատաիրավական հաստատությունները առաջին փուլին արտառոց որեւէ որոշում չեն կայացրել: Պարզ էր. կատարվածը մարդասպանություն էր, այն էլ ամենաքստմնելի եւ դատապարտելի բնույթով, որի համար էլ դատական ընթացակարգից հետո կար վճիռ: Առավելագույն պատժաչափ: Խնդիրը հետագային էր: Լուռ, լուսարձակներից հեռու, կարելի է բնորոշել նույնիսկ թաքուն բանակցություններ Բաքվի եւ Բուդապեշտի միջեւ հանգեցրին գործարքի: Բուդապեշտը արտահանձնեց մարդասպանին, մարդասպանությունը  քաջալերած պետությանը: Բուդապեշտը կարող էր հենվել անշուշտ միջպետական հարաբերություններով սահմանված արտահանձնման օրենքի վրա, նման գործողություն կատարելու համար: Արտահանձնելու վերաբերյալ դիմումը գաղտնի պահելու, բանակցությունները թաքուն ձեւով կատարելու եւ արտահանձնումը հանկարծակի բացահայտելու հունգարական կողմի պահվածքը շեշտում է գործարքային ուղղությունը այս բոլորի մեջ: Հունգարական քաղաքական դաշտը նույնիսկ չէր իմացել այս մութ համաձայնության ծալքերի մասին: Հայկական կողմին մնում էր առկախել դիւանագիտական կապերը Բուդապեշտի հետ:

Շարունակենք Բուդապեշտի լուռ մեղսակցության փաստի համոզման տրամաբանությունը: Հունգարական իշխանություններն անպայման համոզված էին, որ իրենց արձակած դատավճիռը՝ ցմահ բանտարկությունը, վերջ պիտի գտներ արտահանձնման թույլտվության օրը: Որեւէ երաշխիք  չկար հակառակը փաստելու: Արտահանձնելու օրենքը բնականբար միջպետական հարաբերություններ հարգող կողմերին է վերաբերում. դրա իմաստը այն է, որ դատավճռի գործադրության աշխարհագրական միջավայրն է, որ կփոխվի եւ ոչ թե դատավճիռը: Ադրբեջանի նման երկրներն են, որոնք ոչ միայն խախտում են եւ ոտնկակոխում օրենքը, այլ միջազգային օրենքի շահագործումով մարդասպանին վերածում են հերոսի: Բուդապեշտը բոլոր պատճառներն ուներ բողոքի նոտաներ ուղարկելու Բաքվին, իր կայացրած որոշմանն կայծակնային բեկանման մասին բացատրություն պահանջելու, անգամ դիվանագիտական կապերը առկախելու Բաքվի հետ…. եթե նախապես կայացրած չլիներ գործարքը:

ՆԱՏՕ-ի իրավական բաժանմունքներից անկախ լուռ մնաց նաեւ միջազգային ընտանիքը. ի վերջո միջազգային հարաբերությունների ընդհանուր շրջագծում կայացած օրենքի կոպիտ խախտում էր կատարվածը:

Այստեղ է, բուն խնդիրը: Արտահանձնման օրենքի շահարկումով մարդասպանը վերածվում է հերոսի: Ադրբեջանին հարազատ է այս վարքագիծը: Բայց երբ Բաքուն գտնում է իր հետ գործարքի գնացող Բուդապեշտի նման կողմեր, երբ ՆԱՏՕ-ն չի առկախում Ադրբեջանի մասնակցությունն իր կազմակերպած զորավարժություններին եւ երբ միջազգային ընտանիքը հաշիվ չի պահանջում արձանագրված կոպիտ խախտման համար, Բաքուն վերստին կփորձի սրել իր կացինը:

Հայկական կողմը այս բոլորի նկատառման հարկադրանքի առջեւ է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am