«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցներն ամփոփել են իրենց նախագծերը

«Այբ» կրթական հիմնադրամը մամլո հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.

«Օրերս «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները ներկայացրին հանրային և համայնքային նշանակության իրենց նախագծերը ծնողների, ուսուցիչների, մասնագետների ներկայությամբ և ստացան հավաստագրեր՝ ծրագրի նախագծային բաղադրիչը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։


«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա։ 66 10-րդ դասարանցիներ Հայաստանից ու Արցախից, հաղթահարելով ընդունելության քննությունները, 2022-ին մեկնարկեցին իրենց 1,5 տարվա ուսումնառությունն աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկով՝ նախագծային կրթությամբ։ Սովորողներն անվճար հնարավորություն ստացան խորությամբ ուսումնասիրելու նախընտրելի բնագիտական առարկան, զարգացնելու մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող կենսական հմտություններ և կարողություններ, ձեռք բերելու նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնելու գործնական աշխատանքով և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։ 1,5 տարվա ուսումնառության ընթացքում ծրագրի մասնակիցները դասախոսություն-հանդիպումներ ունեցան հեղինակավոր գործիչների հետ, ինչպես նաև ոլորտի հեղինակավոր մասնագետների աջակցությամբ իրականացրին իրական խնդիրներ լուծող նախագծեր։


«Պերմակուլտուրային պարտիզակ» թիմի անդամները՝ Հասմիկը, Մարիամը, Միքայելը, Ալլան և Միքայելը, պատմելով իրենց աշխատանքից, նշեցին․ «Մեր նախագծի նպատակն է Պարտիզակ գյուղում, որտեղից ի դեպ մեր Մարիամն է, հիմնել հասարակական տարածք՝ պերմակուլտուրայի այգի, որտեղ համայնքի մարդիկ ոչ միայն կկարողանան հաճախել ու ժամանակ անցկացնել, այլև միասին կզբաղվեն դրա մշակմամբ ու ավելի մոտ կլինեն բնությանը։ Այս մեթոդով մարդը նվազեցնում է իր միջամտությունը հողի մշակման մեջ և թույլ է տալիս, որ բնությունը լուծի այն խնդիրները, որոնք ինքն իրենով կարող է կարգավորել։ Լավն այն է, որ այս եղանակը կարող է կիրառվել ողջ Հայաստանում և հարմարեցվել ամեն շրջանին հատուկ կլիմայական պայմաններին»։


«Arloopa Factory» թիմի (թիմի նպատակն էր ստեղծել մի հարթակ, որն իրար հետ կկապի շահառուներին և եռաչափ նկարչությամբ զբաղվողներին) նախագծավար Հարութ Գևորգյանն էլ, խոսելով իր սաների ելույթի մասին, նշեց․ «Մենք հանդիպեցինք որպես աշակերտ և ուսուցիչ, բայց ավարտում ենք այս նախագիծը որպես թիմակիցներ, որովհետև բոլոր մասնակիցների ներդրումը թե՛ հիմա, թե՛ հետագայում կրթական այս հնարավորության զարգացման մեջ շատ կարևոր է։ Ինձ դուր է գալիս, որ երեխաները չեն բավարարվում արվածով և շարունակում են անել ավելին ու ավելին։

Նրանք այս մեկ ու կես տարում շատ բաց են դարձել և հանրային խոսքի խնդիր արդեն չունեն։ Դրա վկայությունն է նաև այն, որ իրենց մշակած նախագիծը նրանք ներկայացնում են ոչ միայն այստեղ, այլև իրենց դպրոցներում ու մարզերում, և սա մեծ նվաճում է»։
Առջևում մասնակիցներին սպասում է քննական փուլ, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում կստանան Արարատյան բակալավրիատի միջազգայնորեն ճանաչելի վկայական։

Ցավոք, շրջափակման պայմաններում արցախցի մասնակիցները ներկա չէին նախագծերի ներկայացմանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ շրջափակման հետևանքով ոտնահարվում են Արցախում բնակվող երեխաների կրթության հիմնարար իրավունքները»։