Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած Defender 23 զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը:

Defender 23-ն ամենամյա զորավարժություն է՝ մոտ երկու ամիս տևողությամբ, դրանց անցկացումը գլխավորում են ԱՄՆ զինված ուժերը: Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից:

Փոխխոսնակը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 9 հազար ամերիկացի զինվորական և 26 դաշնակից ու գործընկեր երկրներից մոտ 17 հազար զինծառայողներ: Զորավարժությունները կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք:

Սինգհը տեղեկացրել է, որ բացի ԱՄՆ-ից կմասնակցեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից: