ՄԻՊ թեկնածուն ըստ անհրաժեշտության պատրաստ է գնահատական հնչեցնել նաև Դատախազության գործունեության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանն, ով այս պահին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև գնահատկաններ հնչեցնել Դատախազության գործունեության վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններն իրեն չեն կարող կաշկանդել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ համարձակություն ու կամք կունենա՞ քննադատելու դատախազությանը, իր ընկերուհի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու նրա կողմից իրականացված որոշումները:

Անահիտ Մանասյանն իր պատասխանում ընդգծեց, որ Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Նա վստահեցրեց, որ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իրեն հանձնված ոլորտների բարեփոխման համատեքստում ինքը դա առաջնահերթ է համարել: Մանասյանը նշեց, որ ընդամենը 5 ամիս է եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունի իրականացրած:

«Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերություններին, նշեմ, որ ես շատ այլ անձանց հետ ևս ունեմ շատ մարդկային, ազնիվ հարաբերություններ: Ես արդարանալու կարիք չունեմ այդ հարաբերությունների համար, հակառակը՝ հպարտանում եմ դրանցով: Ի դեպ, նման հարաբերություններ ունեմ ոչ միայն Գլխավոր դատախազի հետ, այլ շատ՝ տարբեր կառույցներում աշխատող,  այլ ուժեր ներկայացնող անձանց հետ, բայց երբևէ դրանք չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա: Եվ, այո, եթե ստանձնում եմ պատասխանատվությունը, պատրաստ եմ գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցներրի գործունեության առնչությամբ»,-ասաց թեկնածուն: