ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում անցկացվելու է Գյումրու միջազգային թատերական փառատոն նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու միջազգային թատերական փառատոնին մասնակցելու են երկու տասնյակից ավելի թատրոններ և թատերախմբեր` մայրաքաղաքից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից ու Եվրոպայից։
Փառատոնի պատշաճ կազմակերպման և անցկացման համար «Բարեկամ» ՀԿ-ն դիմել էր Գյումրու համայնքապետարանին՝ ակնկալելով 4 միլիոն դրամի չափով ֆինանսական աջակցություն, որը նախատեսում է ծախսել Գյումրի ժամանող միջազգային թատերախմբերի ավիատոմսերի, կեցության, հոնորարների, օրապահիկների և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Գյումրու ավագանին 16 կողմ և 7 ձեռնպահ քվեարկության արդյունքում որոշում է ընդունել «Բարեկամ» ՀԿ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 1 մլն 500 հազար դրամ։
Ըստ ՀԿ-ի՝ քաղաքապետին ներկայացված նամակի փառատոնի լոգոտիպը ստեղծված է Գյումրու առաջին թատրոնի շենքի գծապատկերով: Այդ շենքում 1912 թվականին ներկայացվել է հայկական առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը»։ 20-րդ դարի 30-ական թվականներին շենքում տեղակայվել է Ա․Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը։ Փառատոնային ներկայացումներից հետո կազմակերպվելու են թատերական քննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ։
«Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու դրամատիկական թատրոնի մեծ եւ փոքր բեմերն են լինելու, ներկայացումներ լինելու են նաև թատերական այլ հարթակներում, նախատեսված են նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնին մասնակցելու է շուրջ 500 արտիստ և թատերական ոլորտի ներկայացուցիչ, հանդիսատեսի թիվը գերազանցելու է տասը հազարը»,-նշված է քաղաքապետին ուղղված նամակում: