Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում, Ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն այս օրերին գտնվում է Տեղ համայնքում։
«Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ անգամ իրենց հողերին։
Ապացույցները հաստատում են` ավելի քան հարյուրավոր հեկտար վարելահող ու արոտավայր կա´մ անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, կա´մ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։
Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրված օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականության իրավունքը հողատարածքների նկատմամբ:
Ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, ադրբեջանակա զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ:
Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնավորված են նրանց հեռացնելու և խաղաղ բնակչության պաշտպանության համար անվտանգության գոտու ապահովման պահանջները», – գրել է Թաթոյանը։