Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրվածը. Վարչապետ Փաշինյանը խոստացավ կրել նվեր ստացած կոշիկները

Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրվածը. Վարչապետ Փաշինյանը խոստացավ կրել նվեր ստացած կոշիկները
Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրվածը. Վարչապետ Փաշինյանը խոստացավ կրել նվեր ստացած կոշիկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն:

Ավելի քան 60 ընկերություն  ու անհատ ձեռներեց  առանձին տաղավարներով  ՀՀ վարչապետին ու  Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկացնում է Արմենպրեսը: Ներգնա  տուրիզմից մինչև արտագնա՝ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները ՀՀ  վարչապետին ներկայացրին իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝  մարզի  տարածքում գտնվող  պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների  համար նախատեսված  շրջաններ: Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն էլ արդեն շատերի համար զբոսաշրջային ամենահետաքրքիր  վայրերից է: Զբոսաշրջիկների հոսքը  հատկապես  մեծ  է ՌԴ-ից: Բացի կոլորիտային ու պատմական շենք-շինություններից, առաջարկվում է նաև  հետաքրքիր  խոհանոց:

Ռեստորանային համալիրները, սրճարաններ, թեյարաններ, սոցիալական բիզնեսներ՝ այն ծառայություններն  են, որոնք արդեն փորձում են մատուցել քաղաք  այցելած հյուրերի  ճաշակը հաշվի առնելով:

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով: Սակայն սա միակ նվերը չէր. տեղական ՏԱՎՐՈՍ արտադրության  կոշիկները  վարչապետը խոստացավ անպայման կրել: «Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ  հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,-նշեց վարչապետը:

Շիրակը  զարգացնելու լավագույն տարբերակը նաև արհեստն ու արվեստն է; ՀՀ վարչապետն այստեղ փորձեց երկաթյա  դարբնագործական իր պատրաստել: Տաղավարներից մեկում էլ  խոստացավ հաջորդ անգամ փորձել Գյումրիի  խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին մասնակցել:

Այն, որ վերջին տարիներին Գյումրիում թեև  փոքր  քայլերով, բայց փորձում  են  վերականգնել թեթև  և  սննդի  արդյունաբերական ներուժը՝  վկայում էին բոլոր տաղավարները: Չնայած դեռ վաղ է խոսել նախկին ծավալներից, սակայն  իր ուրույն տեղն ու դերը ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի շուկայում ունի մարզի արդյունաբերությունը: Դրա վառ օրինակներից են Գյումրիում արտադրված գուլպաները, ջինսերը մսամթերքն  ու կաթնամթերքը: Բավական մեծ տաղավարով ներկայացված էր նաև Գյումրու  գարեջուրը՝  իր  նոր հնդկաձավարի գարեջրով: ՀՀ վարչապետը  նաև հաճելիորեն  զարմացավ՝ իմանալով մեկ օր առաջ Ամասիայում բացված բրդի գործարանի մասին. «Շատ  ուրախ եմ,  բրդի արտադրության գործարան է բացվել: Սա  նախ և առաջ  ֆերմերների համար է  շատ լավ. կկարողանան ոչխարաբուծությունը  զարգացնել»:

Շրջայցի  ընթացքում վարչապետը ծանոթացավ նաև մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին,  որպես առաջին այցելու գրանցվեց նաև ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում: