Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատասխանատվության ենթարկվելու են դեպքից հետո Արսեն Ղայթմազյանին մեղադրանք չառաջադրած իրավապահները:
Տեսախցիկի առջև և վկայի ներկայությամբ անչափահասին բռնության ենթարկած բարձրաստիճան ոստիկանը չի հեռացվել համակարգից, նրա լիազորությունները ժամանակավոր դադարեցված են՝ ծառայողական քննության նպատակով:
Դեպքից երկու ամիս անց ու միայն հանրային աղմուկից հետո դատախազը երեկ որոշեց մեղադրանք առաջադրել Ղայթմազյանին, ով տասնյակ հարվածներ էր հասցրել դիլիջանցի անչափահաս մատուցողին, երբ վերջինս ասել էր, որ նա սենյակի համար պետք է վճարի։ Ոստիկանը հարբած է եղել։
Ի սկզբանե Իջևանի դատախազությունում որոշել էին գործը փակել՝ հիմնավորելով, թե ոստիկանը զղջացել է, անչափահասն էլ վնասվածքներ չի ստացել։ Ոստիկանությունն իր հերթին դադարեցրել էր նրա լիազորություններն ու հարցը համարել փակված։