Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից:

Հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, և այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարևորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանականների միջև փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Возможно, это изображение 4 человека, Овальный кабинет и текст
Возможно, это изображение 4 человека, Овальный кабинет и текст
Возможно, это изображение 5 человек и текст