Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասաց Ռոթը:

Նա հայտնեց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված կանանց՝ ընդգծելով, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել:

«Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,-շեշտեց նա: