Աշոտյանի մանիպուլյացիան սահմանային զոհերի շուրջ. Fip.am

Աշոտյանի մանիպուլյացիան սահմանային զոհերի շուրջ. Fip.am

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարմանը, գրանցված զոհերին և արտգործնախարարության արձագանքին։ 

«Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց»,- գրել է Աշոտյանը։ 

Նախ նշենք, որ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվել է մեկ զինծառայող՝ հուլիսի 28-ին։ Ինքնասպանության վերջին դեպքը գրանցվել է ոչ թե սահմանին և ոչ թե վերջին «երկու օրում», այլ հուլիսի 24-ին՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Եվ անհասկանալի է, թե ինչու ԱԳՆ-ն պետք է արձագանքներ նաև զինվորի ինքնասպանության դեպքին։ 

Իսկ հուլիսի 28-ին գրանցված սպանության դեպքի առնչությամբ, որի մասին ՊՆ-ն հայտնել է երեկոյան ժամը 22։00-ին, Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարություն արել է հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին։ Այսինքն, ԱԳՆ-ի արձագանքը ուշացած չէ։ 

Բանակցային գործընթացի և սահմանային զոհերի մասին

Աշոտյանը նաև գրում է․ «Հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին և թուլացրել մեզ»։ 

Այս հայտարարության անհիմն լինելը ապացուցում է այն, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն ու դրանց հետևանքով սպանված զինվորների թիվը կտրուկ նվազել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո։ 

Այսպես, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ եթե 2017 թ․ մայիսից 2018 թ․ մայիս ընկած հատվածում սպանվել էր 17 զինծառայող, ապա 2018 թ․ մայիսից  2019 թ․ հուլիս հատվածում սպանվել է 6 զինվոր։ Այսինքն՝ մոտ եռակի պակաս։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի մայիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում եղել է 20 զոհ։ 

Fip.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հետհեղափոխական շրջանում նկատելիորեն նվազել են նաև հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը։

Այսինքն, հեղափոխությունից հետո էականորեն նվազել են ինչպես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, այնպես էլ դրանց հետևանքով սպանությունների թիվը։ Բանակցային գործընթացի շնորհիվ հակամարտության գոտում լարվածությունը և սպանությունների թիվը զգալիորեն պակասել են: Սա դժվար է մեկնաբանել որպես Հայաստանի դիրքերի թուլացում, և հետևաբար՝ Աշոտյանի պնդումը մանիպուլյացիա է։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am