Ինչո՞ւ է հայ տնտեսվարողների մոտ ապրանքն ավելի թանկ, քան Wildberries-ում. Քերոբյան

«Վայլդբերիզ»-ում ապրանքը շատ ավելի էժան է սպառողների համար, քանի որ գնում են ուղիղ արտադրողից, իսկ  Հայաստանում գործող շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հաճախ ապրանքները ձեռք են բերում միջնորդների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը «Վայլդբերիզ»-ով՝ շատ էժան է, իսկ Հայաստանի առևտրականներն ասում են, որ չունեն այդ շանսը՝ Քերոբյանն ասաց՝ նախորդ տարի ստեղծել են այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն:«Այսինքն՝ երբ Հայաստանի սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզ»-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: Այսինքն, «Վայլդբերիզ»-ը պարտավոր է վճարել ԱԱՀ՝ այդ ապրանքի համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը դա չեն վճարում, քանի որ գործում են շրջհարկի սահմանաչափով: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզ»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան շրջհարկով աշխատող տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասաց Քերոբյանը:Նախարարը հայտնեց, որ «Վայլդբերիզ»-ի հարցով իրենց դիմել են մի շարք ընկերություններ:«Մենք ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք, թե արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ»մ,-ասաց Քերոբյանը՝ միևնույն ժամանակ առաջարկելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում:Անդրադառնալով հարցին, թե նույն ԵԱՏՄ-ում ապրանքներն ինչո՞ւ են ավելի թանկ հասնում, քան «Վայլդբերիզ»-ի տարբերակով գնում կատարելիս՝ Քերոբյանն ասաց. «Այն տարբերակով, որով մեր փոքր ու միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռք բերում, «չորրորդ, հինգերորդ, յոթերորդ ձեռքի» վաճառք է, գործընթացի մեջ կան մի շարք միջնորդներ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան «Վայլդբերիզ»-ի դեպքում, երբ ուղիղ արտադրողը ապրանքը վաճառում է սպառողին»:Քերոբյանը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը երկրում, կառավարության խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջև՝ ապահովելով, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են խոշոր ներդրումների, բարձր արդյունավետության, կարողանան զարգանալ:Նախարարը շեշտեց նաև. «Չպետք է մոռանալ, որ գլխավոր մարդը, ում տեսանկյունից պետք է նայել այս ամենին, սպառողն է: Եթե Հայաստանում ստեղծվել է ավելի լավ, ավելի հասանելի ծառայություն, շատ լավ է»: