Արցախի նախագահը և ուժային կառույցների ղեկավար կազմն անդրադարձել են Ադրբեջանի  ԶՈՒ տեղաշարժերին և կուտակումներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել  Շահրամանյանը սեպտեմբերի 12-ին այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել  հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի  ԶՈՒ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։

Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաև  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին։