Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել. Fip.am

Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել. Fip.am
Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել. Fip.am

Երևանի քաղաքապետարանի դիմաց հուլիսի 31-ին բողոքի ակցիա էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, որոնք «դեղին քարտ» ցույց տվեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մատնանշելով քաղաքում չլուծված խնդիրները։

ՀՅԴ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, մասնավորապես, բարձրաձայնեց քաղաքի վերելակների խնդրի մասին՝ հայտարարելով, որ «գոնե մեկ վերելակ չի փոխվել, իսկ փոխարենը 71 տոկոսով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը»։ 

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն, հակադարձել է Ռոստոմյանի այս պնդմանը՝ նշելով, որ վերելակների սպասարկման, նորոգման համար նախատեսվող բյուջեն ոչ թե կրճատվել է 71 տոկոսով, այլ հակառակը՝ ավելացել է 20-ով։ «2019-ին 120 միլիոն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 միլիոն 528 հազար դրամի փոխարեն»,- ասել է Կարապետյանը։ 

Fip.am-ը որոշեց պարզել, թե իրականում որքա՞ն գումար է քաղաքային վարչակազմն ուղղել Երևանի վերելակների հիմնանորոգման համար, և արդյո՞ք նախատեսվում է քաղաքում նոր վերելակներ տեղադրել։

Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցչի հիշատակած վերելակների նորոգման համար նախատեսված բյուջեի՝ 71 տոկոսով կրճատվելուն, ապա, իսկապես, նախորդ տարի դեկտեմբերին հաստատված Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով վերելակների հիմնանորոգմանն ուղղվող գումարը 30.7 մլն դրամ էր՝ 2018-ին ուղղված 108,7 մլնի դիմաց(կատարողականով՝ 96.6 մլն դրամ)։ Սակայն այս տարվա մարտին Երևանի քաղաքային վարչակազմը ներկայացրեց 2019 թ. բյուջեի լրամշակված տարբերակ (խմբ. քաղաքային բյուջեն ավելացվել էր 10 մլրդ դրամով), որով «Վերելակների հիմնանորոգում» ծրագրին ուղղվեց ևս 90 մլն դրամ՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 120.7 մլն դրամ։ Այսպիսով, Հակոբ Կարապետյանի հայտարարած թվերը ճշգրիտ են։

Հատկանշական է, որ վերելակների թեմային հուլիսի 31-ին անդրադարձել էր նաև «Իրավունք» կայքը։ Լրատվականը գրել էր, թե իրենք չեն կարողանում գտնել «այդ 120 միլիոնը» քաղաքապետարանի կայքում ներկայացված մայրաքաղաքի բյուջեի մասին փաստաթղթում։ Ինչպես արդեն նշեցինք, սակայն, համապատասխան փաստաթուղթն առկա է քաղաքապետարանի պաշտոնական կայքում (https://www.yerevan.am/am/finance/, 9-րդ կետ):  

Նոր վերելակներ՝ Երևանում

Ինչ վերաբերում է նոր վերելակներին, ապա Հակոբ Կարապետյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ շուտով քաղաքում նոր վերելակների պիլոտային ծրագիր կիրականացվի։ 

«Այս պահին արդեն 20 վերելակ է փոխարինվելու Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագիրը պիլոտային է լինելու՝ հասկանալու, վեր հանելու հետագա խնդիրները։ Եթե չեմ սխալվում, մոտ օրերս այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մեկ վերելակ կտեղադրվի»,- նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Հավելենք, որ պետական գնումների armeps.am կայքում արդեն տեղադրվել է վերելակների գնման մրցույթի հայտարարությունը։

Գայանե Գասոյան

www.Fip.am