էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները․ ՀՀ վարչապետ

Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական զորքերը բարձր զգոնության են բերվել ընդհանուր սահմանի երկայնքով՝ վերջին օրերին տեղի ունեցած բախումների ու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հայտարարության ֆոնին, որում նշվել է սահմանի երկայնքով աճող լարվածության և փոխհրաձգությունների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է POLITICO պարբերականը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի՝  էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, սակայն մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները։ Հայաստանը պատրաստ է դա անել։

Պարբերականի փոխանցմամբ՝ ՀՀ Վարչապետը վերահաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու ջանքերի համար:

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան տերությունները դիտվեն որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն առաջարկող պետություններ։

Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, բայցևայնպես չեմ կարող ասել, որ աջակցությունն ու օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և օրակարգերին ծառայեցնելու համար»,- ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է  POLITICO պարբերականը։