Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Ազատություն». ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ նախաձեռնության 6 անդամները ամբաստանյալի աթոռին կնստեն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու հոդվածով։

«Յուրի Ավագյանը, Դավիթ Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը, Գարիկ Միսակյանը և Դավիթ Սիմոնյանը, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում բռնություն գործադրելով, փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրեն կամքից անկախ հանգամանքներով», – ասված է մեղադրական եզրակացությունում:

Կրթական համակարգում արմատական բարեփոխումներ պահանջող «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ մեղադրանքը ոչ համաչափ են համարում: – «Առևանգման համար առաջինը պետք է հաշվի առնել մոտիվները, երբ մարդուն առևանգում են՝ ունենում են նպատակ, մենք ոչ մի առևանգման նպատակ չենք ունեցել», – հավելեց Ավագյանը:

Նարեկ Մալյանի անունը շրջանառվում էր ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնի հետաքննությունում: Հեղինակները պարզել էին, որ Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան:

Ըստ այդ հետաքննության՝ նոր կառավարության ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել էին #SutNikol հեշթեգի տակ ու օնլայն արշավ սկսել, որի նպատակն էր վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգով նյութերը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու էին բովանդակության և այն տարածելու համար: Նրանց շարքում էր նաև նախկին ոստիկանապետի խորհրդականը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։