Փաշինյանը, Մակրոնը, Շոլցը և Միշելը համատեղ հայտարարություն են ընդունել. Factor

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո ԵԽ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։

Նշվում է, որ նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ երկիրը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետեւանքներին։ Նրանք ընդգծում են, որ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց բնակության վայրեր ու տներ վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիթորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները:

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 ք/կմ) և Ադրբեջանի (86 հազար 600 ք/կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման սկզբունքը։

Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»,- ասվում է հայտարարությունում։

Նրանք նաև կոչ են անում ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագիրը լուծելու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»,-ասվում է տարածված հայտարարությունում։