«Լավրովը հստակ ներկայացնում էր ռուսական առաջնահերթությունները՝ չարձագանքելով Միրզոյանի բովանդակային հարցադրումներին». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն: Ի՞նչ ուշագրավ դրվագներ եք առանձնացրել Լավրով-Միրզոյան հանդիպումից:

– Նորություն չէ, որ ՀՀ արտգործնախարարների առաջին այցը հենց Մոսկվայում է լինում, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, քանի որ Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում չափազանց մեծացել է, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության միակ ուղղությունը մնացել է Ռուսաստանը, հետևաբար Միրզոյանի այցը Մոսկվա կանխատեսելի էր:

Ինձ համար անսպասելի մի հանգամանք կա. այդ օրերին ռուսական մամուլի մոնիթորինգ եմ արել ու պարզել, որ Միրզոյանի այցից մեկ-երկու օր առաջ ռուսական մեդիադաշտը բավականին, այսպես ասած, յուրայինի կերպարով էր ներկայացնում Միրզոյանին, այն նույն ռուսական ԶԼՄ-ները, որ տարիներ շարունակ նրա անձից փորձում էին սորոսական կամ արևմտյան գործակալի կերպար ստեղծել:

Չգիտեմ՝ ինչո՞վ է Միրզոյանը վաստակել ռուսական էլիտայի վերահսկողության տակ գտնվող այդպիսի դրական վերաբերմունքը, բայց հատկանշական է, որ նույն Լավրովը երեկ իր ներածական խոսքում հատուկ արժևորեց Միրզոյանի անձը՝ շեշտելով, որ նա շատ կարևոր ներդրում ունի հայ-ռուսական հարաբերություններում:

Ինչո՞վ եք պայմանավորում Արարատ Միրզոյանի անձի հանդեպ նման տրամադրությունները Մոսկվայում:

– Առայժմ անհասկանալի է՝ սա ավանսո՞վ վստահություն է, թե՞ Միրզոյանն իսկապես անցած երեք տարիներին այնպիսի վարքագիծ է ունեցել, որ ռուսների համար ավելի վստահելի է, քան Արմեն Գրիգորյանը:

Ի դեպ, ձեզ տված հարցազրույցներիցս մեկի ժամանակ կանխատեսել էի, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի խոչընդոտելու Արմեն Գրիգորյանի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում, և հավանական էի համարել Արարատ Միրզոյանի նշանակումը:

Ինչ վերաբերում է բուն այցին, շատ արտառոց հայտարարություններ չլսեցինք, իհարկե հաճելի էր, և թերևս միակ հարցն էր, որ հարյուրտոկոսանոց համընկնում կար, որ թե՛ Լավրովը, թե՛ Միրզոյանը կարևորեցին Մինսկի խմբի համանախագահության գործունեության ակտիվացումը, ինչը նշանակում է, որ Մոսկվան էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը քաղաքական առումով փակված չի համարում:

Մյուս հարցերում Լավրովն ավելի շատ հղում էր անում հայ-ադրբեջանական համաձայնություններին, օրինակ՝ ռազմագերիների մասին խոսելիս նա, իհարկե, կարևորեց բոլոր գերիների վերադարձը, բայց չմոռացավ այդ հարցում նվազագույնի հասցնել Ռուսաստանի պատասխանատվությունը:

Նա նշեց, որ հայ զինվորականների հիմնական մասը գերեվարվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, ինչով արձանագրեց, որ Ռուսաստանը ցանկանում է, բայց պարտավոր չէ առաջնային համարել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը:

Եթե պարոն Միրզոյանը շատ կարևորում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը՝ այն դիտարկելով հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքային խնդիր, ապա նկատելի էր, որ ռուսների համար շատ ավելի կարևոր էր սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Այսինքն՝ Լավրովը հստակ ներկայացնում էր ռուսական առաջնահերթությունները՝ չարձագանքելով Միրզոյանի բովանդակային հարցադրումներին:

 – Պարո՛ն Սուրենյանց, ի դեմս նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանի՝ հայկական դիվանագիտության մոտեցումներում փոփոխություններ նկատեցի՞ք: Արարատ Միրզոյանի հայտարարություններն ինչպե՞ս կգնահատեք:

– Հայաստանում արտգործնախարարը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, ոչինչ չորոշող պաշտոնյա է: Պատահական չէ, որ ոչ մի լուրջ դիվանագետ չի համաձայնում ստանձնել այդ պաշտոնը նրա պաշտոնավարման օրոք:

Չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանը մեծ դերակատարում ունի քաղաքականության մշակման գործում: Նրա հայտարարությունները, չէի ասի, թե շատ արտառոց էին, որովհետև դրանք վերջին երկու-երեք ամիսներին լսել ենք՝ մի փոքր տարբեր մեկնությամբ:

Հայկական կողմի խնդիրը դիրքորոշում արտահայտելը չէ, այլ այնպես անելը, որ իր դիրքորոշումը ընկալելի լինի արտաքին գործընկերների համար, իսկ այստեղ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի:

Արարատ Միրզոյանը կկարողանա՞ այդ խնդիրը լուծել, այնպես անել, որ հայկական կողմի դիրքորոշումներն ընկալելի լինեն արտաքին աշխարհի համար:

– Իսկ Արարատ Միրզոյանը կախարդական փայտիկ ունի՞: Նկատի ունեմ, որ նա չի տիրապետում մի այնպիսի հմտությունների, որ կարողանա անել դա:

Գուցե ունի՞ այդպիսի հմտություններ, ինչի համար էլ նշանակվեց այդ պաշտոնին:

– Չէ՛, նշանակվեց, որովհետև ներիշխանական դասավորումների արդյունքում կորցրել էր իր պաշտոնը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այս պաշտոնում չկարողացավ նշանակել Արմեն Գրիգորյանին:

Տրամաբանությունը շատ պարզ է, և պետք չէ հատուկ միսիա դնել այդ բավականին պարկեշտ մարդու ուսերին, մանավանդ որ, համոզված եմ՝ նա այդ մեծ առաքելության տակից դուրս գալ չի կարող:

Պարո՛ն Սուրենյանց, նկատեցիք, որ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի, ինչպես ասացիք՝ բովանդակային հարցադրումներին չարձագանքեց, հետաքրքիր է, այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետագա աշխատանքը:

– Գիտեք՝ Ռուսաստանն ունի իր շահերն ու օրակարգը: Հայաստանը պետք է կարողանա կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանա առավելագույնս իր օրակարգը ընկալելի դարձնել Մոսկվայի համար:

Իսկ մեր իշխանության ինտելեկտուալ քաղաքական պոտենցիալը ինձ լավատեսության հիմքեր չի տալիս: Հայաստանն այսօր իր օրակարգի շուրջ չունի արտաքին դաշնակիցներ:

Այսօր Մոսկվան Երևանում համարժեք խոսակից չունի թե՛ առաջին դեմքի, թե՛ արտգործնախարարի մակարդակում: Ցավոք սրտի, նման ոչ կոմպետենտ իշխանության հետ նույնիսկ արտաքին գործընկերների համար է աշխատելը դժվար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am