9 հազար հոգի սպասում են, որ մտնեն ՔՊ. ՀՀԿ-ից դուրս են եկել 8 հազարից ավելին

9 հազար հոգի սպասում են, որ մտնեն ՔՊ. ՀՀԿ-ից դուրս են եկել 8 հազարից ավելին
9 հազար հոգի սպասում են, որ մտնեն ՔՊ. ՀՀԿ-ից դուրս են եկել 8 հազարից ավելին

Factor.am. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին ունի 2500 անդամ։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են կուսակցության լրատվության հետ կապերի բաժնից: Հեղափոխությունից հետո  9 հազար 246 անձ ցանկացել է անդամակցել իշխող կուսակցությանը: ՔՊ-ից  Factor.am-ին ասացին, որ նշյալ դիմումներից հաստատվել են ընդամենը 182-ը, իսկ մնացածը սպասման մեջ են։

Պարզվում է, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նաեւ լքողներ են եղել: 2018 թվականի ապրիլից  առ այսօր անդամակցության դադարեցման դիմում է ներկայացրել  16 կուսակցական, որից երկուսը՝ աշխատանքի հետ անհամատեղելիության պատճառով։

Կուսակցությանն անդամակցությունը  ժամանակավոր կասեցնողներ չկան: Հավելենք, որ հուլիսի վեցին տեղի ունեցավ ՔՊԿ համաժողովը, որի ընթացքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս տարվա ապրիլին Factor.am-ը նաեւ նախկին իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից էր խնդրել նույն տվյալները:

Մեզ ՀՀԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասել է, որ հեղափոխությունից հետո մինչ նշված ժամանակահատվածը ՀՀԿ-ն լքել են 8 հազարից ավելի կուսակցական, իսկ անդամագրվել՝ հարյուրը: ՀՀԿ-ից կուսակցականների հստակ թիվ չէին նշել՝ պարզաբանելով, որ հաշվարկ  է կատարվում:

Մամուլում պարբերաբար նշվել է, որ ՀՀԿ անդամների թիվ   120 հազարից ավել է: Մենք փորձեցինք ՀՀԿ-ից  նոր՝ առավել թարմ տվյալներ ստանալ, սակայն կուսակցությունից պատասխանեցին, որ վերահաշվարկը դեռ չի ավարտվել եւ այս պահին հստակ թիվ ասել չեն կարող։