Քերոբյանը հայտնել է, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ 

Նա ասել է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։

Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։

«Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- ասաց Քերոբյանը։