Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը»,-ասաց Միրզոյանը:Արտգործնախարարը հիշեցրեց, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում հանդիպել է նաև նախկին նախարարին: Կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ:
«Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»,-նշեց Միրզոյանը:
Անդրադառնալով պայմանավորվածությանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: