Գերմանիան հաստատել է, որ Ուկրաինային Leopard 2 տանկեր կուղարկի, Պեսկովի խոսքով՝ տանկերն Ուկրաինային չեն օգնի

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Leopard տանկեր կուղարկի Ուկրաինային: Այս որոշման մասին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից:

Գերմանիան նաև հավանություն կտա երրորդ երկրների կողմից Leopard տանկերի վերաարտահանմանն Ուկրաինա:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Օլաֆ Շոլցը հայտնել է, որ առաջին փուլում Բեռլինն իր ռազմական պաշարներից 14 Leopard 2 տանկ կտրամադրի Ուկրաինային: Դրա նպատակն է շուտափույթ կերպով երկու տանկային գումարտակ ստեղծել: Առաջիկայում կսկսվի ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը Գերմանիայում: Շոլցի խոսքով՝ Բեռլինը նաև կտրամադրի նյութատեխնիկական ապահովում և զինամթերք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն ևս շուտով կարող է հայտարարել M1 Abrams տանկեր Ուկրաինա ուղարկելու մասին:

Մեկնաբանելով ամերիկյան տանկերի հնարավոր մատակարարումները՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ տանկերը կայրվեն այնպես, ինչպես մյուսները:

«Վստահ եմ, որ շատ մասնագետներ հասկանում են այս գաղափարի անհեթեթությունը: Պարզապես տեխնոլոգիական առումով սա բավականին ձախողված ծրագիր է, և, որ ամենակարևորն է, սա հստակ գերագնահատում է այն ներուժը, որ դա կավելացնի Ուկրաինայի զինված ուժերին: Սա ևս մեկ բավականին խորը մոլորություն է: Մենք կրկնել ենք, որ այդ տանկերը կայրվեն այնպես, ինչպես մնացածները», – ասել է Պեսկովը լրագրողներին: