Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 ժեկի պետ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը իր սոցիալական էջում տարածել է հետևյալ հուզիչ կոչը․
«Իմ պարտականություններից դուրս, որպես հայորդի և շախմատ սիրող քաղաքացի, չեմ կարող լռել։ Շախմատը շեղվել է իր բարոյական ճանապարհից։ Ժամանակն է ազգովի շարժվել դեպի մաքուր խաղ և հայեցի դիրքեր»։
Միկլուխո-Մակլայը կարծում է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականում բարոյահոգեբանական խոր ճգնաժամ է, և անհրաժեշտ է անհապաղ մաքրագործման գործընթաց սկսել։
Նա հայտարարում է, որ գործող գրոսմայստերները այլևս չեն համապատասխանում ազգային արժեհամակարգին։
Պատճառները բազմաշերտ են՝ շախմատի տախտակի վրա գերակշռում են պոռնկաբարո խաղաքարերը, հավաքականի անդամները հագնում են ճչացող գույների հագուստներ, իսկ խաղի կանոններին կուրորեն հետևելու սովորությունը վկայում է արտաքին անվտանգային ազդեցությունների մասին։
«Առաջարկում եմ հավաքվել Շախմատի տան մոտ, խաղաղ, բայց վճռական երթով, հանել բոլոր շախմատիստներին և հայտարարել, որ շախմատը վերադառնում է ժողովրդին»,- գրել է Նիկոլայ Միկլուխո-Մակլայը:
Այնուհետև վերջինս քայլ առ քայլ ներկայացրել է, ինչպես է իրագործվելու շարժումը.
Հիմնվում է համազգային շարժում՝ «Շախմատը շախմատի՛» անվամբ։
Շարժման առաջնորդ կարող են լինել միայն նրանք, ովքեր՝
ա) խաղից առաջ հրապարակավ հայտարարել են, որ անկախ խաղի ելքից՝ իրենց պարտված չեն ճանաչելու․
բ) պահել են շախմատային պահք՝ երեք օր շաշկի չխաղալով․
գ) սկզբից մինչև վերջ սերտել են Տիգրան Պետրոսյանի բոլոր պարտիաները։
Նշանակվում է ժամանակավոր շախմատային տեղապահ։ Նա չի կարող առաջադրվել որպես ապագա աշխարհի չեմպիոն, սակայն բարեվարք է, գիշերային շախմատային ակումբներ չի հաճախում, պարտիայից առաջ չի խառնում խաղաքարերի տեղը և միշտ խաղում է հայկական տարազով։
Կասեցվում է հավաքականի ցանկացած կազմավորում, քանի դեռ գրված չէ նոր հայեցի Կանոնագիրք։ Այս Կանոնագրքում՝
- «գամբիտ» բառը փոխարինվում է «կիսապաշտպանվող զոհաբերություն»-ով,
- «ռակիրովկա»-ն՝ «թագավորի ապահովագրական տեղաշարժ»-ով,
- «բլից» տերմինը՝ «խորհելու իրավունքից զրկված հայրենասերների արագ խաղ»։
Բոլոր տերմինները պետք է լինեն պարզ, հարազատ և հասկանալի նույնիսկ նրանց համար, որոնց շախմատի վերաբերյալ պատկերացումները սահմանափակվում են «սպիտակը միշտ առաջ է գնում» սկզբունքով։
Եվ քանի որ այս ծրագիրը առաջարկում եմ ես և ղեկավարելու եմ շարժումը, ուրեմն՝ ես բոլոր չափանիշներին լիովին համապատասխանում եմ։ Ու քանի դեռ նոր հավաքականը չի ձևավորվել, ես համարվում եմ Հայաստանի բազմակի չեմպիոն և սուպերգրոսմայստեր։
Ի դեպ, բոլոր այս քայլերն իրականացվում են՝ անկախ այն փաստից, որ ՖԻԴԵ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հենց Հայաստանի հավաքականն է ճանաչվել հարյուրամյակի լավագույն թիմ, դա մեզ չի խանգարում համոզված լինել, որ ինչ-որ ուխտ խախտվել է։ Կամ նման մի բան։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















