Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը․ Ազատություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել, գրում է Ազատությունը։

Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը պատերազմն է օրինակ բերել. – «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»։

Միաժամանակ, Իլհամ Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:

Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հաջորդում է ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մոսկովյան բանակցություններին, որոնց ավարտին կողմերը միասնական հայտարարությամբ հանդես չեկան: Թեև ավելի վաղ Սոչիում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ասել էր, որ որոշումներ են կայացվել, որոնք պետք է հրապարակեր հենց փոխվարչապետերի հանձնաժողովը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է, որ եռակողմ հանձնաժողովի ընդհատված նիստն առաջիկա օրերին կշարունակվի: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ առանց մանրամասներ գաղտնազերծելու ասել էր, որ կողմերին չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել՝ նորից շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սակայն միջանցքի մասին խոսք լինել չի կարող:

Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում հրաժարվեց հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ պատճառաբանելով, թե նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել․ Բաքուն նկատի ուներ Հայաստանի խորհրդարանականների այցը Ստեփանակերտ: