ՀՀ զինված ուժերի համազգեստի լոկ գույնը չի փոխվելու, կփոխվի նաև բովանդակությունը․ Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը այս տարի նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի համազգեստի փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ուզում եմ ուշադրության հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքը արտահայտի, զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով։ Այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել, նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասով։ Խոսքը վերաբերվում է բոլոր համազգեստներին։ Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են մի շարք ընկերություններ և որակավորման առաջին փուլը անցել են, սակայն երկրորդ փուլի համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ չենք ունեցել»,- ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ ՊՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է  միջազգային գործընկերների հետ։

«Առաջիկա օրերին կստանանք առաջարկներ և առաջարկների հիման վրա կադապտացնենք մեր պատկերացումներին, հայկական իրականությանը և հայկական խորհրդանիշին և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։