ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլար՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։

«Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: