Նախատեսվում է 14 հուշարձանի վերականգնում՝ մրցութային կարգով. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտում փորձ ունեցող շինարարական կազմակերպություններին՝ մասնակցելու պետական գնումների մրցույթներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վերականգնման աշխատանքների մրցույթները հրապարակվելու են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության միջնաժամկետ ծախսային ծրագրով 2024 թվականի համար նախատեսվող աշխատանքների ֆինանսավորումը նախորդ տարվա փաստացի իրականացվածի համեմատ ավելացել է 192,5 %-ով՝ կազմելով 1,159 մլրդ ՀՀ դրամ:

Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում են 14 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, որոնց մեծամասնությունը կրելու է շարունակական բնույթ:

Մասնավորապես՝ շարունակվելու են 2023 թվականին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի V-րդ դարի Ծիրանավոր և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Հայտարարվելու են ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի, Լոռու մարզի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների, եկեղեցու և բաղնիքների, Ամրակցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու, Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու և որմնանկարների, Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի և «Տավուշ» ամրոցի վերականգման աշխատանքների նոր մրցույթներ:

Նշենք, որ տարվա ընթացքում այս ցանկը համալրվելու է: