Սահմանից զորքերը հետ քաշելու՝ Հայաստանի առաջարկը Բաքվի համար անընդունելի է. Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում անընդունելի է անվանել Երևանի առաջարկը սահմանից զորքերը հետ քաշելու մասին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման պայմաններում, եթե զորքերը հետ քաշվեն, ապա որտեղ են երաշխիքները, որը այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը։ Ադրբեջանի համար անընդունելի է Հայաստանի այդ առաջարկը»,-ասել է Բայրամովը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ի ինքնիշխան տարածքում իրականացված տարբեր ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը 200-300 կմ² տարածք է օկուպացրել։ «Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես ադրբեջանցի զինվորականների կողմից։ Սա մեր ինքնիշխան իրավունքն է։ Կոչ ենք անում Հայաստանին կառուցողական արձագանքել մեր առաջարկին։ Այս դեպքում իրավիճակը կարող է զարգանալ դրական ուղղությամբ»,- հայտարարել է Բայրամովը։ Զորքերի հայելային հետ քաշման առաջարկը նախօրեին հնչեցրել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել էր Միրզոյանը։