«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը «Արտնաուկա» ընկերության հետ 41 մլն-ի կեղծ պայմանագիր է կնքել․ Մանրամասներ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակած «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ:

Քրեական վարույթով պարզվել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ 64 հա մակերեսով տարածքների մաքրման, ինչպես նաև «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ն, առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Արտնաուկա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ կնքել է վերոնշյալ աշխատանքներն այդ ընկերությանը պատվիրելու վերաբերյալ 41 մլն 633 հազար դրամ արժողության կեղծ պայմանագիր: Մասնավորապես՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն Վ.Գ.-ի կողմից տրամադրված մի շարք անձանց անձնագրերի հիման վրա՝ նրանց ձևականորեն գրանցել է որպես իր ընկերության աշխատակիցներ, կազմել տրանսպորտային միջոցների վարձակալության կեղծ պայմանագրեր:

Բացի այդ, Ա.Պ.-ն, Վ.Գ.-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված որևէ աշխատանք կատարած չլինելու պայմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Մարտունի» և «Նորատուս» մասնաճյուղերի տնօրեններ Հ.Ղ.-ի և Ն.Պ.-ի հետ ստորագրել ու հաստատել է իբրև «Արտնաուկա» ՍՊԸ-ին 17 մլն 662 հազար 988 դրամի վառելիք և քսայուղեր տրամադրելու վերաբերյալ հանձնման–ընդունման կեղծ ակտեր, այնուհետև՝ պայմանագրով նախատեսված աշխատանքներն իբրև լրիվ ծավալով կատարած լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտ: Վ.Գ.-ն կազմել և Բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Մարտունու» տեղամասում 44 հա և «Նորատուս» տեղամասում 20 հա մակերեսով տարածքներում համապատասխանաբար՝ 76 մլն 150 հազար դրամի և 7 մլն 724 հազար 910 դրամի աշխատանքներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա՝ Նախարարությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին փոխանցել է 57 մլն 112 հազար 568 դրամ, իսկ դեկտեմբերի 20-ին՝ նաև 5 մլն 793 հազար 682 դրամ:

2017 թվականի դեկտեմբերի 19-ին կատարողական ակտի և Ա.Պ.-ի կողմից կազմված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Արտնաուկա» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41 մլն 633 հազար դրամ: Ա.Պ.-ն, վերոնշյալ գումարից 38 մլն 570 հազար դրամը, Վ.Գ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կանխիկացրել և հաջորդ օրն առձեռն փոխանցել է Վ.Գ.-ին:

Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախությանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանավորումը (հայտարարված է հետախուզում):

Վարույթով անցնող ևս 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: