Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու համար կառավարությունը հողատարածք նվիրաբերեց

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու նպատակով կառավարությունը հողատարածք նվիրաբերեց համայնքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա ամռանը Լոռու մարզ կատարած այցը, որի ժամանակ Ֆիոլետովո համայնքում քննարկել են մանկապարտեզի հարցը: Խնդիրներից մեկը կապված է եղել հողամասի հետ, դպրոցի սպասարկման համար առկա հողամասից առանձնացրել են հողակտոր, որը ձևավորվել է որպես առանձին գույք:

«Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ հողը նվիրաբերում ենք համայնքին, որ կարողանան հետագայում մանկապարտեզ կառուցել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հատկացվում է 1300 քառ. մետր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա շատ կարևոր որոշում համարեց: «Ֆիոլետովո համայնքում բնակվում են ազգային փոքրամասնությունը ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև մտավախությունների մասին: Նա ընդգծեց, որ խոշորացված համայնքները սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով մեծ ու տեսանելի տեմպերով զարգանում են: Սակայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքները կառավարությունը չի ընդգրկել խոշորացման ծրագրերում՝ նաև անսալով նրանց ձայնին, որ այլ կոնտեքստ չտրվի դրան: «Բայց հիմա այլ կոնտեքստ է ստացվում, քանի որ ակնհայտորեն այդ համայնքներում հնարավոր չի լինում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Եվ այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով էականորեն արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու: Սա շատ լուրջ խնդիր է, գնալով ավելի ահագնանալու է»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև որոշում էր կայացրել ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություն անել, այդ համայնքներում կառավարության համաֆինանսավորումը որոշակի գործակցով ավել է: Սակայն վարչապետը վստահ չէ, որ դա խնդիրը լուծելու է:

«Մենք խնդիր ունենք, և պետք է մտածել, թե ինչ անել: Գուցե, պետք է այլ փոփոխություն անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բայց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով երկարաժամկետ լուծում մտածել՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկումներով:

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքը բնակեցված է ռուս մոլոկաններով։