ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

«Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Նշվում է, որ հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան: