Ամեն րոպե կարող է ողբերգություն տեղի ունենալ. ըստ մասնագետների, սողանքների խնդրին պատշաճ վերաբերմունք ցույց չի տրվում

Ամեն րոպե կարող է ողբերգություն տեղի ունենալ. ըստ մասնագետների, սողանքների խնդրին պատշաճ վերաբերմունք ցույց չի տրվում
Ամեն րոպե կարող է ողբերգություն տեղի ունենալ. ըստ մասնագետների, սողանքների խնդրին պատշաճ վերաբերմունք ցույց չի տրվում

 
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի հյուսիսում` Տավուշի մարզում տեղի ունեցած մեծ սողանքը, որը խլեց առնվազն հինգ մարդու կյանք, հողի և քարերի տակ թողնելով մոտ 35 մեքենա, կրկին շատերին առիթ տվեց խոսելու իշխանությունների վարած քաղաքականության, բնական աղետների դիմակայելու պատրաստվածության մակարդակի և բնապահպանական հարցերի նկատմամբ մոտեցումների մասին:

«Քսան տարուց ավելի է, ինչ Հայաստանում հակասողանքային ոչ մի միջոցառում չի իրականացվում, հարցին կարևորություն չի տրվում, իշխանությունները երկու տասնամյակ է` սողանքների կանխարգելման համար ոչ մի լումա չեն տրամադրել»,-«Մեդիալաբին» ասում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` երկրաբանական գիտությունների թեկնածու, սողանքագետ, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը,- սա նշանակում է, որ ամեն րոպե կարող է կրկին ողբերգություն լինել»:

Յադոյանն ասում է, որ հարցը պահանջում է խորքային հետազոտություն, քարտեզագրում, որը հնարավորություն կտա խուսափելու սողանքային գոտում ճանապարհների կառուցումից` ռեսուրսները ճիշտ կառավարելու և ժամանակին միջոցառումներ իրականացնելու համար:

«Լուրջ վերաբերմունք չկա, հետևանքներն էլ կիսատ-պռատ վերացնում են, ինչը հետզհետե է´լ ավելի է բարդացնելու իրավիճակը»,- ասում է նա:

Թեև սողանքներ ու «հոսող բնակավայրեր» Հայաստանում, ըստ մասնագետների, որպես լեռնային երկիր մշտապես գոյություն են ունեցել, սակայն եթե ԽՍՀՄ տարիներին հակասողանքային ակտիվ միջոցառումներ են իրականացվել, ապա անկախությունից այս կողմ իշխանությունները կանխարգելման համար գումար չեն հատկացրել` պատճառաբանելով միջոցների սղությունը, մասամբ ուշադրություն դարձնելով միայն հետևանքների վերացմանը:

Սյունիքի մարզի Կավարտ գյուղից դուրս գտնվող հին հունական եկեղեցին, թեև իր ճարտարապետական լուծումներով շատ գրավիչ է, սակայն տեղի բնակիչները գիտեն, որ այդ գրավչության հետևից գնալը կարող է իրենց կյանքն արժենալ:

«Էդ կողմերը հանկարծ չգնաք,- ասում է գյուղի բնակիչ 46-ամյա Արմինե Նավասարդյանը,- հողերը սահում են: Տարիներ առաջ էր` մեկը զոհվեց, մի քանի օրից գտան 30-40 մետր ներքևում»:

Երկրի հարավում սարերի վրա գտնվող գյուղի գեղատեսիլ պեյզաժի ֆոնին բնակիչները` մեծ ու փոքր, գիտեն, որ եկեղեցին անհասանելի է իրենց, և որ դա «ամենավտանգավոր տեղերից մեկն է»: Հյուսիսում` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, բնակիչները ցույց են տալիս իրենց տների մեծ ճաքերը, որոնք սողանքների հետևանքով են առաջացել:

«Ժամ առ ժամ նույնիսկ գետնի ճաքերն են մեծանում»,- ասում է Գետահովիտի բնակիչ Արման Չապուխյանը:

Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ձգվող սողանքային վտանգները Հայաստանում սկսել են ուսումնասիրել դեռևս 1950-ականներին: Ըստ պաշտոնական հաշվարկների` ներկայումս Հայաստանի տարածքում 2 հա մակերեսով 2504 սողանք կա, որտեղ առկա է 233 համայնք: Նշվում է, որ այդ համայնքներից 120-ում իրավիճակն «առավել քան բարդ է», ամենաակտիվ սողանքների թիվը 131 է:

Սյունիքի մարզը համարվում է ակտիվ սողանքներ ունեցող բնակավայրերից մեկը, հանրապետության շատ վայրերի նման, որոնք անհապաղ միջոցառումների կարիք ունեն տասնամյակներ շարունակ: Սողանքներով հարուստ են համարվում նաև Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արարատի և Վայոց ձորի մարզերը:

«Մեծ ռեսուրսներ են պահանջվում, որպեսզի ֆինանսական ներդրում արվի կանխարգելման համար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը և հավելում, որ երկրում սողանքային ռիսկերը չեզոքացնելու բավարար միջոցներ չկան, սակայն «սպասվում են»:

Մասնագետները նշում են, որ սողանքներով հարուստ Հայաստանում դրանք ակտիվանում են մի շարք գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են` ծառահատումները, լանջերի կտրատումը, կառուցապատումներով ծանրաբեռնվածությունը և այլն: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` սողանքներից առաջացած տարեկան վնասը կազմում է մինչև 50 մլն դրամ:

Բնապահպանները մատնանշում են հատկապես ծառահատումները և հանքարդյունաբերությունը` որպես սողանքների ակտիվացման հիմնական գործոններ:

«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը, խոսելով Տավուշի մարզի ողբերգական ելք ունեցած սողանքի մասին, ասում է, որ դրանք ակտիվանում են անտառահատման հետևանքով:

«Պաշտոնապես հայտարարվել է, որ ջուրն է առաջացրել փլուզում և սողանք, սակայն ջուրն ինքնին չի կարող սողանք առաջացնել, եթե անտառահատումներ չկան»,- ասում է նա:

Անտառահատումներն իսկական պատուհաս են դարձել Հայաստանի էկոհամակարգի համար 90-ականների սկզբից, երբ տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով սկսեցին անտառները հատվել: Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, անտառածածկ տարածքները կազմում են 334.000 հա կամ հանրապետության տարածքի 11,2 տոկոսը, սակայն այս ցուցանիշը բնապահպաններն իրական չեն համարում` նշելով, որ այդ թիվն առնվազն կիսով չափ քիչ է:

«Հայաստանը լեռնային երկիր է և հսկայական թվով սողանքային գոտիներ ունի,-«Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը,- և այս դեպքում, երբ անտառները դնում են հանքարդյունաբերության տակ, հասկանալի է, որ նաև «իդեալական» պայմաններ են ստեղծում սողանքների համար, ինչպես, օրինակ` եղավ Թեղուտի դեպքում»:

2007 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, ըստ որի այդ նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով:

Հանքարդյունաբերությունը թույլատրվեց բացառիկ բուսական և կենդանական աշխարհ ունեցող, ըստ բնապահպանների` «երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում»:

«Այսօր կառավարության քաղաքականությունը կարելի է հակաբնապահպանական անվանել,- «Մեդիալաբին» ասում է բնապահպան ակտիվիստ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: – Փոխանակ հետևելու և մեծացնելու անտառային տարածքները, իրականացվում է անտառների ոչնչացման ծրագիր, որն ավելի է մեծացնում առանց այն էլ սողանքներով հարուստ մեր հողահատվածները»:

Սակայն Վրեժ Գաբրիելյանն ասում է, որ կառավարությունն այս տարվանից արդեն միջոցներ է հատկացնելու սողանքային տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար:

«Մասնագետներն ասում են` կա´մ չպետք է աշխատանքները սկսել, կա´մ եթե սկսում են` պիտի մինչև վերջ տանել, քանի որ սկսելու և թողնելու դեպքում սողանքներն ակտիվանում են և ավելի վատ հետևանքներ ունենում»,- ասում է նա:

Լուսանկարը` «Ֆոտուլուրի»

© Medialab.am