Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ

Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ
Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ
Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2019 թվականի օգոստոսի 23-ին`  ժամը 19.45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչը՝ ծնված 1996թ.:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դիմաց անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 1986 թվականին ծնված երիտասարդը իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն թաղամասի 22-ամյա բնակչին, որի ընթացքում վերջինս ինքնապաշտպանության նպատակով իր մոտ գտնվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 1986 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: