Ոստիկանները ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք են բացահայտել

Ոստիկանները ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով օգոստոսի 21-ի գիշերը Դսեղ-Դեբեդ ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»:

Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ գրանցել են հաջորդ օրը: Օգոստոսի 22-ին ժամը 2-ի սահմաններում ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգել են Գարգառ գյուղի 45-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 խմ փայտանյութով:

Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ունեցել: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով երկու ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ժամեր անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգել են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված է եղել շուրջ 3 խմ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութն իրենն է եղել, ինքը 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով երկու ծառ է հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը» տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:  Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: