Երևանի քաղաքապետարանը հայտարարում է 8 մշակութային գործիչների հոբելյաններին նվիրված ծրագրերի դրամաշնորհի բաց մրցույթ

Հայ մեծանուն մշակութային գործիչներ Ակսել Բակունցի, Զահրատի, Պարույր Սևակի, Գոհար Գասպարյանի, Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի հոբելյանների առթիվ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ, որը, նպատակ ունենալով արժևորելու և հանրայնացնելու արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, միտված է Երևան  քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանմանը, մայրաքաղաքում մեծանուն արվեստագետների և վերջիններիս հավիտենարժեք ստեղծագործությունների ներկայությունն ավելի արտահայտված դարձնելուն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն ծրագրի նպատակին, միաժամանակ հայտատուները կունենան ստեղծագործական ազատություն՝ կաղապարված չլինելով ծրագրի/միջոցառման կոնկրետ շրջանակով: Հայտերը կարող են վերաբերել ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոների, բեմադրությունների կամ համերգային ծրագրերի կազմակերպմանը, այնպես էլ՝ նորարարական մոտեցումներ ենթադրող զանազան ծրագրերին: Դրամաշնորհի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ:  

Մրցույթի պայմանները

  1. Մրցույթին կարող են դիմել հասարակական կազմակերպությունները, մշակութային հիմնադրամները, ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները:
    2.  Առաջարկվելիք ծրագիրը/միջոցառումը պետք է իրականացվի Երևանում և մեկնարկի մինչև 2024թ. դեկտեմբերի 1-ը:
    3. Ներկայացվող հայտերը պետք է ուղարկվեն համաձայն կից հայտաձևի: Նույն կազմակերպությունը կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ:
    4.  Հայտերը պետք է ներառեն ծրագրի/միջոցառման իրականացման նախահաշիվը էքսել տարբերակով՝ համաձայն կից հայտաձևի:
    5.   Առաջարկվելիք ծրագիրը կարող է վերաբերել ինչպես հոբելյարներից մեկին, այնպես էլ՝ մի քանիսին:
    6. Հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023թ. մարտի 31-ը ներառյալ: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: «Թեմա» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐ: 

Հոբելյարների ցանկ (ըստ այբբենական կարգի)

Գրականություն
Ակսել Բակունց
Զահրատ
Պարույր Սևակ

Երաժշտություն
Գոհար Գասպարյան
Կոմիտաս
Շառլ Ազնավուր

Տեսողական արվեստ
Երվանդ Քոչար
Սերգեյ Փարաջանով 

 Գնահատման չափանիշները (հնարավոր 50 միավոր, տե՛ս գնահատման սանդղակը)

  1.  Ծրագիրը/միջոցառումը լիովին համապատասխանում է դրամաշնորհի խորագրին և նպատակին – 10 միավոր
    2.    Ծրագիրը/միջոցառումը նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը – 10 միավոր
    3.    Ծրագիրը/միջոցառումը արդարացված է ծախս-արդյունք տեսանկյունից – 10 միավոր
    4.    Ծրագիրի/միջոցառման իրականացումը իրատեսական է – 10 միավոր
    5.    Ծրագիրը/միջոցառումը յուրօրինակ է – 10 միավոր
    Հավասար միավորների դեպքում՝ առաջնահերթությունը կտրվի ավելի ցածր գնառաջարկ ներկայացրած հայտատուին:

 Ընթացակարգը

Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով: Վերոնշյալ գնահատման չափանիշների հիման վրա կընտրվեն հաղթող հայտատուները, որոնց հետ կքննարկվեն ծրագրի/միջոցառման իրականացման մանրամասները և բյուջեն, ինչպես նաև դրան կից մատուցվող ծառայությունների/աշխատանքների գնառաջարկները:

Կողմերի համաձայնության պարագայում կկնքվի պայմանագիր՝ ֆինանսական միջոցների հատկացման և ծրագրի իրականացման վերաբերյալ:

Հավելյալ տեղեկատվություն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-231 հեռախոսահամարին:

Մրցույթի պայմաններին ծանոթացեք հղումով՝ https://shorturl.at/dntCO 

Հայտաձև՝ https://shorturl.at/cswX8»,- ասվում է հայտարարության մեջ։