ՀՀ և Լիտվայի ՊՆ-ների միջև ստորագրվել է համագործակցության 2024 թ․ ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: 
 
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
 
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը: