Երևանը լուծումներ կառաջարկի Մոսկվային Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ

Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի  ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,-ասաց նախարարը:

2023 թվականի դեկտեմբերին ևս Երևանում տեղի էին ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:

«Արդյունքում ոչ միայն բովանդակության առումով որևէ փոփոխություն չի եղել, այլ նաև վերջին շրջանում այդօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերական բնույթ է կրում: Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են այդ տեսակի (խմբ․ Հայաստանի ներքին գործերին միջամտություն ենթադրող, Հայաստանի պետական խորհրդանիշերի, պետության նկատմամբ վիրավորանք պարունակող, ինչպես նաև հայ ժողովրդի զգացմունքները վիրավորող) հաղորդումները կանխելու համար, չեն աշխատում»,-նշեց Հայրապետյանը:

Նաև սա հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու առաջարկ արվելո՞ւ է՝ նախարարը հայկական կողմի առաջարկների և լուծումների վերաբերյալ մանրամասներ հայտնելուց զերծ մնաց:

Սակայն նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր որոշման կամ դիրքորոշման առանցքում հայ ժողովրդի և Հայաստանի արժանապատվությունն է: