Ամստերդամում «Թումո» կենտրոն կբացվի

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնում է, որ Նիդերլանդների առաջին «Թումո» կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում՝ Ամստերդամում: Կենտրոնում կսովորեն մինչև 1000 ուսանողներ, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաև 2 «Թումո տուփ»՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով ևս մի քանի հարյուր պատանիների:

4.jpg (19.09 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ «Թումո»-ի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի և նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: «Թումո Ամստերդամ»-ը հնարավոր կդառնա ի շնորհիվ հանրային և մասնավոր հատվածների գործընկերության, որի մաս են կազմում Ամստերդամի քաղաքապետարանն ու Հանրային գրադարանը, ինչպես նաև TomTomAdyenJust Eat Takeaway.com և Miro ընկերությունները:

«Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում և կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտներ, որոնցից 5-ն արդեն որոշված են (խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն և երաժշտություն), իսկ հաջորդ 3-ը կընտրվեն ապագա ուսանողների և նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Թումո Ամստերդամ»-ը կդառնա 10-րդ միջազգային «Թումո» կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհայմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում։