Փաշինյանը թող ասի, թե ՀԱՊԿ որ երկրները նկատի ուներ. Զախարովա. «Ազատություն»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», – նշել է Զախարովան՝ հավելելով. – «Կարծում եմ, որ եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, ապա տրամաբանական կլիներ, որ [այդ երկրները] բարձրաձայնվեին»։

Զախարովան այսօր մեկ անգամ ևս պնդել է, որ Ռուսաստանը արել է հնարավորը, որ «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։

Երեկ խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են 2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։

«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը», – հավելել էր նա։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: