Մարտի 1-ի ժամանակ վիրավորված ցուցարարների թիվը աճել է. Fip.am

Մարտի 1-ի ժամանակ վիրավորված ցուցարարների թիվը աճել է. Fip.am
Մարտի 1-ի ժամանակ վիրավորված ցուցարարների թիվը աճել է. Fip.am

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 27-ին հանդես էր եկել ասուլիսով՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին և բանակի ներգրավմանը։ Ալումյանն ասուլիսի ընթացքում հարց էր ուղղել, որ եթե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարները զինված չեն եղել, ապա որտեղի՞ց 32 վիրավոր ցուցարար՝ 187 վիրավոր ոստիկանի հարաբերակցությամբ (50:17-50:47)։ 

Fip.am-ը դեռևս նախորդ շաբաթ անդրադարձել էր այդ ասուլիսի ընթացքում Հայկ Ալումյանի կողմից հնչած ապատեղեկատվություններին ու մանիպուլյացիաներին։ Մենք փորձեցինք պարզել նաև՝ արդյո՞ք վիրավորների թվի վերաբերյալ փաստաբանի նշված տվյալները համապատասխանում են իրականությանը։ 

Այսպես, Հայկ Ալումյանի վերոնշյալ թվերը համապատասխանում են 2011 թվականին Հատուկ քննչական ծառայության կողմից հրապարակած հանրային զեկույցի տվյալներին։  «2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների մասին» զեկույցում ՀՔԾ-ն նշում էր, որ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում «տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանական զորքերի 187 զինծառայող և աշխատակից և 32 քաղաքացիական անձ։

Fip.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՔԾ՝ այս տվյալների իսկությունը ճշտելու համար։ Պարզվեց, որ վիրավոր ցուցարարների թիվն ավելացել է։

«2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` նշված դեպքերի ժամանակ վիրավորվել են ոստիկանական ուժերի 187 ներկայացուցիչներ և 47 քաղաքացիական անձինք»: 

Այսինքն՝  այս պահի դրությամբ քաղաքացիական վիրավորների թիվը 15-ով ավելին է, քան նշված էր 2011 թվականին հրապարակված զեկույցում, սակայն ոստիկանական ուժերի ներկայացուցիչների թիվը չի փոխվել։

ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ թվի ավելացումը պայմանավորված է գործի հանդեպ հանրային լայն հնչեղությամբ։ Լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ քննության ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, և այս պահին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի համաձայն՝ վիրավորում ստացած քաղաքացիների թիվն ավել է 2011-ին ՀՔԾ-ի կողմից հրապարակված hանրային իրազեկման զեկույցի տվյալներից։ 

Հեղափոխությունից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը բազմիցս կոչ էր արել քաղաքացիներին հայտնել իրենց մոտ ունեցած արժեքավոր տեղեկությունները։  «Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- մասնավորապես, գրված է ՀՔԾ պաշտոնական հայտարարությունում։

Այսպիսով՝ Հայկ Ալումյանի ներկայացրած թվերը սխալ չեն, սակայն փաստաբանը ներկայացրել է ավելի հին տվյալներ։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am