Այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելը նույնիսկ ավելի բարդ է, քան Թուրքիայի հետ. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– «Հայաստանը որքան ազատվի օտար ուժերի և Սփյուռքի գերությունից, այնքան էլ ավելի է մոտենալու խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պիտի տեսնի և հասկանա, որ իր ապագան ոչ թե դրսից գազել կարդացողների, հրահրողների մոտ է, այլ իր հարևանների հետ է, որոնց հետ դարերով ապրել է ու ապրելու է». մեջբերումը Թուրքիայի նախագահի խոսքից է, պարո՛ն Սաֆրաստյան, ո՞րն է Էրդողանի մեսիջը։

– Եթե ընդհանուր գնահատենք, այստեղ ոչ մի նորություն չկա, Էրդողանն ու ընդհանրապես Թուրքիայի ղեկավարները միշտ են միֆական բաներ ասում, որ Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի ազդեցությունից, բայց նրանք չեն հասկանում, որ Սփյուռքը ու Հայաստանը համայն հայությունն են, և ուղղակի ուզում են սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների միջև, բայց դա չի լինի, համոզված եմ։ 

Իսկ օտար ուժեր ասելով, որոնք այսօր ուզում են Թուրքիային ճնշել, իմ կարծիքով, նա նկատի ունի Ֆրանսիային, որի հետ Հայաստանի համագործակցությունը հիմա տեսնում ենք նաև ռազմական ոլորտում է։ Չեմ կարծում, որ այսօր որպես օտար ուժ Էրդողանը նկատի ունի Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բավական սերտ են։ Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ Էրդողանն այնպիսի քաղաքական գործիչ է, որ այնպիսի բաներ է ասում, որ դժվար է մեկնաբանել։

– Իսկ հարևաններ ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, իրեն ու Ադրբեջանի՞ն։

– Կարծում եմ՝ այո՛, առաջին հերթին Թուրքիային ու Ադրբեջանին։ Այստեղ պետք է հետևյալը արձանագրենք. Հայաստանը, այո՛, իր գոյության առաջին օրվանից կողմ է Թուրքիայի հետ հաստատել բնականոն հարաբերություններ: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս երեսուն տարվա ընթացքում դրան չի գնացել, այդ պահանջների ցուցակն ավելացել է, ու այդ փաստը պետք է արձանագրենք։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելը նույնիսկ ավելի բարդ է, քան Թուրքիայի հետ։ Հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները Հայաստանի նկատմամբ՝ պետք է ասել, որ Ադրբեջանը շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու, ինչպես և Թուրքիան։ 

Հայաստանը, իրենց ընկալումներով, պետք է գնա միակողմանի զիջումների, ես հույս ունեմ, որ այդ զիջումները չեն լինի, և հարաբերությունները, եթե կարգավորվեն, կկարգավորվեն այն հիմքերի վրա, որոնք ընդունելի կլինեն նաև Հայաստանի համար։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ այս հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել որպես սպառնալիք։

– Թուրքիայից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները արտահայտում են թուրքական մոտեցումները Հայաստանի նկատմամբ, իսկ Թուրքիայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ այս երեսուն տարվա մեջ, տեսել ենք, չի հիմնվում հավասարության վրա, այսինքն՝ Թուրքիան փորձում է Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրել, հարկադրել, որ Հայաստանը փոխի իր քաղաքականությունը: 

Եթե այդ առումով դիտարկում ենք, ապա սա չի տարբերվում այն բոլոր հայտարարություններից, որ երեսուն տարի հնչել են Թուրքիայի բոլոր ղեկավարների կողմից։ Թուրքիան շարունակում է մնալ այն համոզման, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, այն էլ՝ Ադրբեջանի մաքսիմալիստական պայմանների հիմքով։ Թուրքիան սրանից չի հրաժարվի, ես համոզված եմ։ 

Իմ ընկալմամբ՝ Թուրքիայի համար հիմա Հայաստանի հետ հարաբերությունները էական նշանակություն չունեն, եթե սրանից տարիներ առաջ կար ժամանակ, երբ ֆուտբոլային դիվանագիտության շրջանն էր, ու Թուրքիայի համար կարևոր էին Հայաստանի հետ հարաբերությունները, ապա ներկայումս, երբ Թուրքիան վարում է համամոլորակային քաղաքականություն, այդ հարաբերությունները չունեն կարևոր նշանակություն։ 

– Իսկ Հայաստան- Ադրբեջան հարաբերություննե՞րը։

– Իհարկե, իրենց համար կարևոր է, որ խաղաղության պայմանագրով, եթե դա լինի իրենց թելադրած պայմանների հիման վրա, լինի այնպես, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակի արդյունքներն արդեն ամրագրի նաև պայմանագրի տեսքով։ Սա նաև կարևոր է այն առումով, որ, փաստորեն, հիմա Թուրքիան տարածաշրջանային շատ խնդիրներ փոխանցել է Ադրբեջանին, Ադրբեջանն է Թուրքիայի կամքն արտահայտում տարածաշրջանային խնդիրներով, ու եթե Ադրբեջանին հաջողվի Հայաստանից կորզել այն, ինչ ցանկանում են, դա կնշանակի Ադրբեջանի, հետևաբար՝ Թուրքիայի դիրքերի ուժեղացում։ 

Ամփոփելով ասեմ, որ Թուրքիայի համար հիմա Հայաստանի հետ հարաբերությունները չունեն այնպիսի կարևորություն, ինչ ունեին ավելի վաղ, երկրորդ՝ Թուրքիան հիմա Ադրբեջանին է փոխանցում ակտիվ դերակատարումը ու Ադրբեջանը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ազդեցությունը ուժեղացնելու գործիք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am