Պարտավորվածությունը Ադրբեջանի վրա կախված է մինչ օրս, դրա համար էլ ուզում են լուծարել Մինսկի խումբը. Քաղաքագետը՝ պատճառների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը 

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար: Ինչո՞ւ է Ալիևը ցանկանում լուծարել Մինսկի խումբը։ 

– Ադրբեջանի ԵԱՀԿ ընդունվելու պայմանը, իսկ ԵԱՀԿ ընդունվելը շատ կարևոր էր, որովհետև դա նշանակում էր Սովետական Միության փլուզման արդյունքները ճանաչել Արևմուտքի կողմից ու չճանաչել դա որպես Հելսինկյան ակտի խախտում։ 

Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ընդունվելիս, փաստորեն, իրենց վրա վերցրել են պարտավորություն, որ Արցախի հարցը պետք է լուծեն Հելսինկյան ակտի հիման վրա, որը հետո անվանեցին Մադրիդյան սկզբունքներ և այլն, խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ այդ Մինսկի խումբը պետք է վերահսկեր բանակցությունները, որպեսզի չլինեն բռնություններ ու միակողմանի որոշումներ, այսինքն՝ այդ պարտավորվածությունը, որ կա Ադրբեջանի վրա, նաև Հայաստանի, որ Արցախի հարցը պետք է մարդու իրավունքների շրջանակում, Հելսինկյան ակտի շրջանակում, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կանոնադրությունների շրջանակում ստանա որոշում, Ադրբեջանի վրա կախված է մինչ օրս։ Ու իրենք շատ լավ հասկանում են, քանի որ այդ պարտավորությունը կախված է իրենց վրա, միշտ լինելու է հնարավորություն իրենց փաստի առաջ կանգնեցնելու ու պահանջել վերադառնալ այդ ձևաչափին կամ նմանատիպ ձևաչափին։ Դրա համար էլ պետք է լուծարել, որովհետև, ըստ իրենց, դա միակ բանն է, որ այսօր իրենց կապում է միջազգային այդ պարտավորությունների հետ, մնացած հանգամանքներում իրենք իրենց ազատ են համարում։

– Եթե Հայաստանն էլ համաձայնի այդ առաջարկին, ու Մինսկի խումբը լուծարվի, որո՞նք են լինելու հետևանքները մեզ համար։

– Իսկ Հայաստանը կարո՞ղ է համաձայնի, ասենք, լուծարել Եվրոպական միությունը՝ չլինելով դրա անդամ։ Այսինքն՝ դու ընդունվում ես մի միություն, որտեղ վերցնում ես քեզ վրա պարտավորություններ, դրանք կատարված չեն՝ Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծում չկա, ասում ես՝ չկա-չկա, եկեք լուծարե՞նք։ Դուք իսկապե՞ս մտածում եք, որ միջազգային հանրությունը նմանատիպ լուծում թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին։ 

– Հաջորդ հարցս հենց դա է՝ համանախագահ երկրները դա թույլ կտա՞ն։

– Կարող է որոշում ընդունվել ԵԱՀԿ շրջանակներում այլ ձևաչափ ստեղծելու, բայց մի բան կա, որ անփոփոխ է․ այն լուծումը, որն Ադրբեջանը համարում է վերջնական, ու ՀՀ կառավարությունն էլ փաստացի համարում է վերջնական, նայեք այդ թեմայով Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և այլոց վերջին չորս-հինգ ելույթները, Արևմուտքի համար այդպես չէ։ Այլ խնդիր է, որ հիմա իրենք զբաղված են Ուկրաինայով, Ռուսաստանին սանձելով, բայց այդ որոշումն առկախված է, իսկ ի՞նչ է նշանակում Արևմուտքում առկախված որոշում, շատ լավ գիտի Ալիևը։ 

Ի դեպ ասեմ, որ այս հայտարարության պատճառներից մեկն էլ նաև այն է, որ պատասխանատվության մի մասն էլ Հայաստանի վրա գցեն, այսինքն՝ միայն ես չեմ ուզում լուծարել խումբը, Հայաստանն էլ դեմ չէ։ 

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ալիևը նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասով է խոսել, ինչին պատասխանել է արդեն ՀՀ արտգործնախարարությունը, բայց Մինսկի խումբը լուծարելու առաջարկի մասով հայկական կողմից որևէ արձագանք չի տրվել, ըստ ձեզ՝ ինչո՞ւ։

– Մեր կառավարության համար այդ ամեն ինչը ընդամենը կապիտալ է, որն ինքը կարող է փոխանակել Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի կողմից իր հանդեպ ավելի մեղմ վերաբերվելու հետ։ Այսինքն՝ մենք սրան էլ ենք համաձայն, նրան էլ ենք համաձայն, Արևմուտքի հետ մերձենալը դանդաղեցնում ենք կամ ընդհանրապես չեղարկում ենք, այս ամենն անում ենք, դրա փոխարեն դուք պետք է պակաս ագրեսիվ լինեք մեր նկատմամբ։ 

Ակնհայտ է, սակայն, որ հակառակ կողմն ավելի ու ավելի է ագրեսիվանում, ավելի ու ավելի է ընդլայնում իր պահանջները, պահանջներ է առաջ քաշում, որ դեռ 2020-ին գոյություն չունեին, ու այդպես շարունակվելու է, որովհետև Հայաստանի կառավարության այդ քաղաքականությունը, որ կարելի է գազանին կշտացնել, ու այլևս քեզանով չի հետաքրքրվի, այսպես ասած, չաշխատող տարբերակ է։ 

Ես հասկանում եմ, որ Հայաստանը հիմա չունի բացառապես ռազմական միջոցներով խնդիրներ լուծելու ներուժ, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանն այն նվազագույն երաշխիքները, որ տրվում են իրեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ և արևմտյան երկրների մոտեցմամբ, չի կարող օգտագործել ու հետո պաշտպանունակությունը բարձրացնելու միջոցով՝ մերժել նմանատիպ լեզուն, նմանատիպ սպառնալիքները։ 

– Արտաքին քաղաքական գերատեսչության վերոնշյալ հայտարարության մեջ ասվում է, որ «խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Ադրբեջանն իսկապե՞ս ուզում է նման համաձայնագիր կնքել։

– Ալիևն ասում է, որ պայմանագիր չի կնքելու, իրենք ասում են՝ մենք պատրաստակամ ենք, ֆանտաստիկ տրամաբանություն է։

– Այդ դեպքում ինչո՞ւ է մեր Կառավարությունը նման հայտարարություններ անում։

– Որովհետև «խաղաղության օրակարգը» դարձել է իրենց միակ բովանդակությունը, իրենք ոչ մի ոլորտում հաջողության չեն հասել, իրենց բոլոր ծրագրերը տապալված են, իրենց մնում է ընդամենը մեկ բան․ մի թղթի կտոր ցույց տալ հայ ընտրողին, որպեսզի հաջորդ ընտրությանը նրանից ձայն հայցեն։ Այդ թղթի կտորի համար իրենք պատրաստ են տալ շատ-շատ բան, այդ թվում՝ մեր շահերից, իրավունքներից, արժանապատվությունից, բայց մեծ կասկածներ ունեմ, որ այդ թղթի կտորն իրենց կտրվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am