Եթե չկա նախապես պայմանավորվածություն իշխանությունը հանձնելու, ինչպես 2018-ին էր, ապա այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ հունիսի 12-ը, վճռորոշ օր է, ու բոլորին կոչ են անում հավաքվել ԱԺ շենքի դիմաց։ Մինչև իրենց բնորոշած՝ վճռորոշ օրը տեղի ունեցածի մասով եմ ձեր դիտարկումները խնդրում՝ խոսույթի, գործողությունների ու մեսիջների համատեքստում։

– Եթե չկա նախապես պայմանավորվածություն, որ իշխանությունը պետք է հանձնվի, ինչպես 2018-ի մայիսին էր, երբ պայմանավորված՝ իշխանությունը հանձնվեց այն ժամանակվա ընդդիմությանը, որը ձևական ներկայացվեց փողոցային անհնազանդության տեխնոլոգիաներով, ապա այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու, որովհետև նախորդ 30 տարիների ընթացքում նման շարժումները որևէ տեղ չեն տարել։ 

Այս տարիների ընթացքում իշխանությունները, անկախ այդ պահին եղածից, փողոցի պայքարի նկատմամբ ձեռք են բերել բավականին լավ իմունիտետ, փողոցով չես կարող իշխանություն վերցնել, եթե, կրկնում եմ, նախօրոք չունես ինչ-ինչ պայմանավորվածություն։ Եթե ունես պայմանավորվածություն, ապա կարող ես ցույց տալ, թե իբր փողոցի ճնշմամբ ՔՊ-ն վախեցավ ու անվստահություն հայտնեց վարչապետին։ 

Հետևաբար գնահատել տեխնոլոգիաները՝ լա՞վ են, թե՞ վատ, իմաստ չունի, այո՛, հանրահավաքին շատ մարդ եկան, բայց հետո ի՞նչ: Եթե ճանապարհը սխալ է, ի՞նչ նշանակություն, թե այն ինչպիսին է, միևնույն է, ճանապարհը սխալ տեղ է տանում, ու կողքի դետալները նշանակություն չունեն։ Եթե ցանկանում ես իշխանափոխություն, պետք է փոխես քո ռազմավարությունը, իսկ եթե գնում ես հին ու մաշված ճանապարհով, իմաստ չունի քննարկել տեխնոլոգիաները՝ փողոց փակեցին, վրան դրեցին, աթոռներին նստել են, ֆուտբոլ են խաղում, հանրահավաքին շատ կամ քիչ մարդ կար։ 

– Հարցազրույցներից մեկի ժամանակ դուք ասացիք, որ շարժման տեխնոլոգիաները նախապես մշակված են, շատ լավ է կազմակերպված ամեն բան, հիմա ի՞նչ եղավ, որ շարժումը չկարողացավ պահել այդ ամենը։

– Չէ՛, տեխնոլոգիան ուրիշ է, ռազմավարությունը՝ ուրիշ։ Դու կարող ես ոչ մի տեղ չտանող ճանապարհի համար օգտագործել հիանալի տեխնոլոգիաներ, բայց ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Տեխնոլոգիան, այո՛, լավ է մշակված, բայց դրանց մեջ չէ հաջողության գրավականը, ռազմավարության մեջ է, դու կարող ես թերի տեխնոլոգիաներ կիրառել, բայց եթե ռազմավարությունդ ճիշտ է՝ հասնելու ես տեղ։ 

– Այսօր հավաքվում են ԱԺ շենքի մոտ, դա սխա՞լ ռազմավարություն է։

– Էլի պետք է կրկնեմ՝ եթե կա նախօրոք պայմանավորվածություն, որ իշխանությունը պիտի հանձնվի, ապա երևացող կողմն ունի երկրորդական նշանակություն, եթե չկա այդ պայմանավորվածությունը՝ տեղի ունեցողով հաջողության չես հասնելու, ոչ թե սխալ է կամ ճիշտ է։ Ոչ թե կոնկրետ մեկ քայլն է սխալ, այլ՝ քո գծած ամբողջ ճանապարհը։ 

– Պարո՛ն Բադալյան, դատելով կողմերից հնչող հայտարարություններից՝ տպավորություն ունե՞ք, որ կա նման պայմանավորվածություն։

– Չեմ կարող ասել, այդ մասին ոչ ոք չի իմանում՝ մի քանի հոգուց բացի։ Եթե կա նման պայմանավորվածություն, ապա հավաքն ընդամենը ձևական կողմն ապահովելու համար է լինելու՝ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ Այդ պայմանավորվածությունը պետք է լինի արտաքին խաղացողների հետ, Հայաստանում չես կարող իշխանափոխություն անել, եթե չունես արտաքին որևէ կենտրոնի աջակցությունը, ուղղակի չես կարող։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ մենք մեր ժողովրդի ուժերով իշխանափոխություն կանենք, իմացեք, որ նրանք ուղղակի հեքիաթներ են պատմում։

– Ձեր գնահատմամբ՝ հիմա կա՞ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն, որ Հայաստանում ուզում է իշխանափոխություն։

– Ես կարող եմ ասել, որ մի կենտրոն հաստատ կողմ է, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, եթե ցանկանում ես իշխանափոխություն՝ պարտադիր պետք է համագործակցես Իրանի հետ, եթե նախօրոք չունես Արևմուտքի աջակցությունը թիկունքային, եթե դա կա՝ պետք չէ բանակցել Իրանի հետ։ 

Պարտադիր պետք է աջակցություն ունենաս, քո ուժով չես կարող դա անել, հասարակությունը չունի այն պոտենցիալը, որ իր ուժով այստեղ իշխանափոխություն անի։ 

Մի անգամ հասարակության պոտենցիալը բավարարել է դրա համար, ու դա եղել է 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները՝ Խորհրդային Հայաստանի վերջին Գերագույն խորհրդի ընտրությունները, երբ հասարակությունը, առանց դրսի աջակցության, կարողացավ իր ուժերով կոմունիստներին պարտադրել հեռանալ ու Հայոց համազգային շարժման ղեկավարությանը բերեց իշխանության։ Դրանից հետո Հայաստանի հասարակությունը որևէ անգամ իր ուժերով իշխանափոխություն չի արել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am