Արևմուտքն անընդհատ նոր նշաձողեր է դնում Փաշինյանի առաջ՝ պահանջելով ավելի ու ավելի սուր քայլեր Ռուսաստանի դեմ. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի որոշ հայտարարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությանը Մոսկվան զգուշավորությամբ է վերաբերվում։ Ռուսաստանից եկող նման արձագանքներն ի՞նչ ազդեցություն, հետևանք են ունենալու կողմերի հարաբերությունների վրա:

– Եթե դիտարկենք իրավիճակն առերևույթ, ապա մենք տեսնում ենք, որ կար կոշտ փոխհրաձգություն Երևանի ու Մոսկվայի միջև, ու այստեղ, բնականաբար, ամեն ինչ կարծես թե բավական բացատրելի է դառնում: Նիկոլ Փաշինյանը քայլեր է անում Արևմուտքի ուղղությամբ, Ռուսաստանը, բնականաբար, դրանից դժգոհում է, սուր արձագանքում այդ քայլերին, Փաշինյանն էլ իր հերթին այդ քայլերը պայմանավորում է նրանով, որ Ռուսաստանը բավարար չի կատարում իր պարտավորությունները թե՛ դաշնակցային՝ կապված Հայաստանի հետ, թե՛ Արցախում խաղաղապահ առաքելության իմաստով: 

Գործնականում, սակայն, այս առերևույթ դրսևորումների ներքո, ես կարծում եմ՝ շատ ավելի բարդ ու բազմաշերտ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ լայն աշխարհաքաղաքական գործընթացների հետ և թե՛ նաև պայմանավորված ներռուսական տնտեսական-քաղաքական խմբերի միջև: 

Օրինակ՝ տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը կարծես թե բավական լավ ու նորմալ կառուցողական հարաբերության մեջ է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, և հայ-ռուսական փոխհրաձգությունը կարծես թե բավական հմտորեն շրջանցում է Միշուստինի հետ շփումները, աշխատանքները և այլն: Այսինքն՝ բազմաթիվ գործընթացներ են նկատելի, ու Ռուսաստանից այս արձագանքները պայմանավորված են նաև հենց Ռուսաստանի տարբեր վերնախավային խմբերի միջև տարբեր մոտեցումներով և պայքարով: 

Սրանից բացի՝ անկասկած է, որ պաշտոնական Երևանը, այսօր չունենալով իրավիճակի վրա ազդեցության շատ մեծ ռեսուրսներ, միաժամանակ տեսնելով նաև Ռուսաստանի ազդեցության որոշակի թուլացումը, պայմանավորված մի շարք գործոններով, փորձում է ներգրավել Արևմուտքին ու նրան բերել նաև Հայաստանի անվտանգության հարցում պատասխանատվության դաշտ: Այն քայլերը, որ արվում են Արևմուտքի ուղղությամբ, կարծում եմ, պայմանավորված են հենց դրանով՝ լրացնել պատասխանատվության այն բացը, որ մնում է Ռուսաստանի ազդեցության թուլացումից կամ ինչ-ինչ այլ պատճառներով պարտավորությունների կամ հանձնառությունների կատարումից կամ թերակատարումից: 

Արևմուտքն էլ, բնականաբար, շատ լավ հասկանալով այդ ամենը ու պատրաստ չլինելով Հայաստանի հարցում ստանձնել գործնականում այն, ինչ, օրինակ՝ չի կատարում Ռուսաստանը, իր հերթին փորձում է անընդհատ նոր նշաձողեր դնել վարչապետ Փաշինյանի առաջ կամ, պայմանական ասած, չհավատալ Փաշինյանին ու անընդհատ պահանջել ավելի ու ավելի սուր քայլեր Ռուսաստանի դեմ: 

Հայաստանի իշխանությունը հիմա փորձում է մանևրել այդտեղ ու լուծել իր այն հարցերը, ինչի մասին խոսեցի, բայց այս մանևրի դաշտն աստիճանաբար սահմանափակվում է, ու այդ ռետինը ձգելը բավական բարդ է լինելու, ու շատ մեծ է լինելու կտրվելու վտանգը:

– Հայաստանի կողմից Ուկրաինա ուղարկվող հումանիտար օգնության արձագանքն ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի կողմից:

– Դա տեղավորվում է այս նույն տրամաբանության մեջ, ու հակված եմ մտածելու, որ այդ օգնությունը նաև որոշակիորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ վարչապետի տիկինը մասնակցում է Ուկրաինայում առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին: Արձագանքի մասով, ես կարծում եմ, այդ մի քայլն իրավիճակի վրա, ըստ էության, շատ մեծ ազդեցություն չի ունենալու, իսկ իրավիճակն այն է, ինչ նկարագրեցի առաջին հարցի պատասխանում: 

– Իսկ ռուս-հայկական հարաբերությունները ինչպե՞ս կբնութագրեք, պարո՛ն Բադալյան:

– Շատ վաղուց այդ հարաբերությունները բնութագրում եմ ճգնաժամային ու այդ գնահատականները ես հնչեցնում եմ առնվազն վերջին տասնամյակում պարբերաբար, ու մենք այդ ճգնաժամի հասունացումը տեսնում ենք շատ երկար տարիներ: Ճգնաժամի դրսևորումները տեսանելի էին դեռևս 2000-ականների սկզբից, պարզապես մեզանից շատերը չէին նկատում դրանց խորքային պատճառները ու խորանալու միտումները: 2008-ից սկսած, երբ սրվում էր աշխարհաքաղաքական դիմակայությունը, 2012-13 թթ. և հետագա շրջանները, ու հիմա արդեն տեսնում ենք շատ ավելի սրված վիճակ:

– Որպեսզի ձեր ասած ռետինը չկտրվի, Հայաստանի իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ պետական շահը հնարավորինս քիչ տուժի:

– Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ թույլ չտա մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, բազմիցս ասել եմ, որ Հայաստանը որևէ տարբերակով չի կարող անգամ կիսով չափ դիմակայել նմանատիպ վտանգներին: Հայաստանի խնդիրը պետք է լինի՝ աշխատելով բոլորի հետ, ձգտել լուծել մի հարց. Հայաստանի անվտանգային միջավայրը չդարձնել բոլորի կռվի թատերաբեմ: 

Այս դեպքում, կարծում եմ, մենք պետք է շեշտն ավելի շատ դնենք երկկողմ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքների վրա, աշխատելով Արևմուտքի հետ՝ չսրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նշեցի, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է նաև իր իշխանության ամրապնդման հարցերը լուծել այս խաղի միջոցով, բայց սա ևս շատ վտանգավոր է, որովհետև նրանց իշխանության ամրապնդման գինը կարող է դառնալ Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքի ռիսկը, որի հետևանքով ունենալու ենք նոր կորուստներ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am