ՀՀ-ն Ուկրաինա հումանիտար օգնություն կուղարկի. Factor

Հայաստանը Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայի հանրապետություն հումանիտար օգնություն կուղարկի։ Այս տեղեկությունը հայտնում են Factor.am-ի աղբյուրները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։ Կիևի հայերի միության նախագահ Նորիկ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում անուղակի հաստատեց այս տեղեկությունը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հայաստանից ուղարկված օգնությունն արդեն հասել է Ուկրաինա։

«Դեռ չի հասել։ Ամսի 8-ին դեսպանի հետ հանդիպում կա, այդ ժամանակ ավելի ստույգ կլինի, բայց էս ամսվա մեջ պետք է, որ լրիվ հասնի»,-ասաց Նորիկ Գևորգյանը։

Factor.am-ի ճշտող հարցին՝ այս օգնությունը միայն հայ համայնքի համա՞ր է, թե՞ նաև ուկրաինացի ժողովրդի, Նորիկ Գևորգյանը նշեց․ «Ուկրաինացի ժողորդին, որի մեջ հայ համայնքն էլ է մտնում։ Չենք կարող ասել, որ սա առանձին հայ համայնքինն է, այստեղ պատերազմ է, այստեղ բոլորս մեր ունեցածով կիսվում ենք»։ Առայժմ տեղեկություններ չկան ուղարկվող բեռների ծավալի և պարունակության վերաբերյալ։